19/10/2018 13:40
Ամեն ինչ էլեմենտար գողության մեջ է. գազի և էլէներգիայի սակագինը կարելի է իջեցնել 10-15 տոկոս. Աղազարյան (Տեսանյութ)
Գնումների շուկան ուսումնասիրելով` կարելի է եզրակացնել, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել 10-15 տոկոս, ԱԺ-ում ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձանաժողովի փոխնախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Ամեն ինչ էլեմենտար գողության մեջ է։ Մարդիկ գնումների ժամանակ գնում են որևէ ապրանք, որի իրական շուկայական արժեքը 100 դրամ է, ձևակերպում են 150 դրամով։ Լկտիաբար մտնում են քաղաքացու տուն ու գողանում են փող։ Մեր աշխատանքների շեշտադրումը կարելի է այս հանգամանքի վրա դնել», - ասաց Աղազարյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ գնումների շուկան ուսումնասիրելով, կարելի է եզրակցնել, որ թե գազի, թե էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել 10-15 տոկոս։
Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն էլ առաջարկեց այս հարցերի կողքին նաև դիտարկել ցանցերի ազատականացման հարցը, որը նախևառաջ պետք է քննարկել էլցանցերի մասով։