19/10/2018 12:47
«Սասնա Ծռեր» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, հստակ է. Վարուժան Ավետիսյան
«Սասնա Ծռեր» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության համահիմնադիր Վարուժան Ավետիսյանը։
«Մասնակցության որոշումն արդեն կա, ձևաչափը դեռ պարզ չէ», - նշեց Վարուժան Ավետիսյանը։
Ինչ վերաբերում է մասնակցության ձևաչափին, Ավետիսյանն ասաց, որ բոլոր տարբերակներն էլ հնարավոր են, սակայն դեռ որոշված չէ, ընթացքը ցույց կտա։
Մամուլում այսօր հրապարակում կար, որ արտախորհրդարանական ուժերի հետ կոնսոլիդացիայի մտադրություն ունեցող Գագիկ Ծառուկյանի թիմում հակված են «Սասնա ծռերի» հետ համատեղ մասնակցել ընտրություններին։
Վարուժան Ավետիսյանն ասաց, որ նման որոշում չկա։
Թե ով կգլխավորի նախընտրական ցուցակը և նմանատիպ այլ հարցերն էլ, Վ. Ավետիսյանի խոսքով՝ ընթացքում կորոշվեն։
«Եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն և բոլոր քաղաքական ուժերին չստիպեն կոնսոլիդացված ձևաչափով աշխատելու, ապա «Սասնա Ծռեր» կուսակցությունը հանդես է գալու իր ծրագրով և նպատակներով և չի հարելու որևէ կողմին», - ասաց Վ. Ավետիսյանը։
Դիտարկմանը, թե ինչպես է գնահատում իրավիճակը, երբ իշխանության ներկայացուցիչները խորհրդարանական ուժերին սպառնում են, որ վարչապետի սեփական թեկնածու առաջադրելու դեպքում կկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին Բաղրամյան պողոտայում, Վարուժան Ավետիսյանն արձագանքեց.
«Այդ հարցով առաջին հերթին ժողովուրդն է սպառնում, մենք էլ ժողովրդի մի մասն ենք, այդ թվում նաև՝ կառավարությունը։ Այո՛, պետք է սպառնալ և պետք է հասկացնել, թե ով է երկրի իրական տերը»։
Ինչ վերաբերում է հարցին, թե կուսակցության համար որ տարբերակն է ձեռնտու. ընտրություններին գնալ ընտրական նոր, թե հին օրենսգրքով, Վ.Ավետիսյանը պատասխանեց, թե առաջարկվող նոր փոփոխություններն ավելի հարմար են։
«Չնայած, մենք ավելի արմատական փոփոխություններ էինք ակնկալում, բայց այս պահին եղածի մեջ ընտրություն կատարելու դեպքում, բնականաբար, նոր փոփոխությունները», - նկատեց Վարուժան Ավետիսյանը։