19/10/2018 07:11
Վարչապետի ընտրության նպատակով ԱԺ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին
Ազգային ժողովի հատուկ նիստը, որի ժամանակ պետք է անցկացվի վարչապետի ընտրությունը, տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, Aysor.am-ին հայտնեցին խորհրդարանից։
Հիշեցնենք՝ ԱԺ լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական ներկայացրեց։
Ըստ Սահմանադրության՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո։