19/10/2018 15:02
Խորհրդարանական հանձնաժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքում կառավարության ներկայացրած փոփոխությունները
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը այսօր երկար քննարկումներից հետո դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագծին։
Դաշնակցություն խմբակցությունը որոշ վերապահումներ ուներ կայուն մեծամասնության սկզբունքի վերաբերյալ, սակայն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն ասաց, որ կողմ կքվեարկեն նախագծին, բայց լիագումար նիստում կներկայացնեն իրենց առաջարկությունները ու վերջնական դիրքորոշումը կհայտնեն քվեարկության միջոցով։
«Թե քաղաքական առումով կուսակցությունների միջև քննարկումները ինչպես են տեղի ունեցել, ինչ հետևանք ունեն, սա, իմ կարծիքով, այսօրվա քննարկման առարկա չէ։ Այստեղ մենք բացառապես մասնագիտական հարթության մեջ քննարկեցինք այս հարցը, և ես էլ եմ առաջարկում բոլորս կողմ քվեարկենք այս նախագծին, որպեսզի մեր հաջորդ ընտրական ցիկլը լինի էլ ավելի վստահելի», - ասաց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Հանձնաժողովի բոլոր անդամները կողմ էին, և Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նաագիծը կքննարկվի հոկտեմբերի 22-ին մեկնարկելիք ԱԺ արտահերթ նիստում։
Նկատենք, որ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, որը այս հանձնաժողովի անդամ էր, չէր մասնակցում նիստին։