19/10/2018 15:58
Տարոսն էլ նրանց, ովքեր դեռ չունեն. դերասան Մոսո Կարապետյանը որդի է ունեցել (Լուսանկարներ)
Սեպտեմբերի 26-ին Լոս Անջելեսում լույս աշխարհ է եկել դերասան Մոսո Կարապետյանի առաջնեկը: Նորաթուխ հայրիկին հանրությունն առավել շատ ճանաչում է «Ֆուլ Հաուս» նախագծից՝ Հրաչի կերպարով:
Aysor.am-ի հետ զրույցում դերասանը հուզմունքով նկատեց՝ 53 սմ հասակով և 4 կգ քաշով որդին օր-օրի փոխվում ու իրեն է նմանվում:
«Փառք Աստծո, կինս ու տղաս իրենց շատ լավ են զգում, որևէ բարդություն չեղավ: Ամեն ինչ անբացատրելի ու հուզիչ է, չկա ավելի գեղեցիկ տեսարան, քան նորածինը մայրիկի գրկում: Հենց միայն նման զգացողության համար կարելի է շատ-շատ երեխաներ ունենալ: Իհարկե, փոքրիկս ամեն վայրկյան փոխվում է, սակայն ընդհանուր ինձ է նման: Բայց այ աչքերը՝ կնոջս են», - ժպիտով պատմեց նա:
Երջանիկ հայրիկը խոստովանում է՝ միշտ է երազել, որ առաջնեկը տղա լինի, ու հիմա Աստծուն շնորհակալ է երազանքն իրականացնելու համար:
Ամուսիններն իրենց որդուն տվել են Լեո անունը: Հարցին, թե ավանդույթի համաձայն ի պատիվ ընտանիքի անդամներից որևէ մեկի՞ են անվանակոչել, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Ոչ, հատուկ ինչ-որ մեկի անունը չի, ուղղակի հեշտ հիշվող, կարճ ու գեղեցիկ անուն է: Իմ ու կնոջս ընտրությունն էր, երկուսս էլ այն շատ էինք հավանում»:
Սովորաբար, հայկական ընտանիքներում նման առիթները խնջույք կազմակերպելու ու մի ողջ գիշեր երգելու, խմելու առիթ են դառնում: Պարզվում է, ԱՄՆ-ում բնակվող երիտասարդ հայ ընտանիքն էլ ավանդույթից հետ չի մնում:
«Անկասկած, հետևեցինք այդ սովորույթին. մենք այստեղ նշեցինք որդուս ծնվելը, Հայաստանում էլ ընկերներս էին հավաքվել: Ճիշտ է՝ առանց մեզ, բայց նշում էին, մինչև մոտ ապագայում գանք, միանանք ու միասին մի լավ ուրախանանք: Ընդհանրապես, ընկերներիցս շատ-շատ շնորհավորանքներ եմ ստացել թե՛ այստեղ, թե՛ Հայաստանից: Շնորհակալ եմ բոլորին, տարոսն էլ նրանց, ովքեր դեռ չունեն», - մաղթեց Մ. Կարապետյանը:
Մեկ այլ սովորույթ էլ կա. ամուսինները կանանց նվերներ են մատուցում՝ իրենց զավակ պարգևելու կապակցությամբ: Այդ առիթով Մոսոյի անակնկալը կնոջը ճանապարհորդության տեսքով է, բայց թե ի՞նչ ուղղությամբ՝ գաղտնիք է:
Հարցին, թե ո՞վ է նորաթուխ մայրիկին օգնելու փոքրիկի խնամքի հարցում, դերասանն ընդգծեց՝ իր հարզատները Հայաստանում են, ու այս շրջանում կարևոր այդ հոգսը կհոգա հենց կինը, անհրաժեշտության դեպքում նրան կօգնի վերջինիս մայրը:
«Ճիշտն ասած՝ իմ հարազատները Հայաստանում են գտնվում, ԱՄՆ-ում կնոջս ընտանիքն ու ընկերներս են: Թե՛ այստեղ, թե՛ հեռվում բոլորն ինձ հետ են և օգնում են: Իհարկե, մեկ-մեկ կնոջս մայրն է օգնում, բայց առանձնապես օգնության կարիք չկա, մեր նորաթուխ մայրիկն ամեն ինչ շատ լավ է անում», - ծիծաղելով վստահեցրեց նա:
Նրանք Հայաստան կգան առաջին իսկ հարմար պահին: Նկատում է՝ գործերն են խանգարում, ու եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի անպայման կլինեն հայրենիքում:
Aysor.am-ը շնորհավորում է Մոսո Կարապետյանին և կնոջը, փոքրիկ Լեոյին էլ մաղթում ենք անհոգ մանկություն: