19/10/2018 10:42
Սպորտի նախարարությունն առաջարկում է անցկացնել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն առաջարկում է բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ անցկացնել, այս մասին նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդագրությունը՝ ստորև.
«Հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) նախագահի 02.08.2018թ. կայացած ընտրություններից հետո Հայաստանի բռնցքամարտի ներկայացուցիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիաները և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի և «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահների հետ ունեցած անձնական հանդիպուները, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ուսումնասիրել է ստեղծված իրավիճակը և այն հանգուցալուծելու նպատակով առաջարկում է կազմակերպել և անցկացնել ԱԻԲԱ-ի կանոնադրությանը և ԱԻԲԱ-ի կանոններին (AIBA BYLAWS հոդված 37) համապատասխան ՀԲՖ-ի նախագահի նոր ընտրություններ՝ հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի բոլոր ներկայացուցիչների (ԱԻԲԱ-ի կողմից կազմակերպված միջազգային մրցաշարերին մասնակցած մարզիչներ, մարզիկներ, բռնցքամարտի վետերաններ) իրավունքներն ու շահերը և բոլորին ծանուցել ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունների անցկացման օրակարգի, վայրի և ժամի մասին` խստորեն պահպանելով ՀԲՖ-ի կանոնադրության կետերի դրույթները»։
Հիշեցնենք՝ երեկ նախարարության դիմաց բռնցքամարտիկներն ակցիա էին կազմակերպել՝ պահանջով, որ բռնցքամարտի հայկական զզգային ֆեդերացիայի նոր ընտրություններ անցկացվեն։
Ակցիայի կազմակերպիչները պնդում էին, որ ֆեդերացիայում մի շարք խնդիրներ կան, ինչի հետևանքով էլ բռնցքամարտի ասպարեզում ցանկալի արդյունքներ չեն արձանագրվում: