19/10/2018 15:15
Պարում ենք Նոյի երկրում. Հայաստանում կկայանա «Մշակութային դեսպան» միջազգային փառատոնը
«Ապագայի կամուրջներ» կրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Արվեստը հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում 2018 թ-ի հոկտեմբերի 19-31-ը կկայանա «Մշակութային դեսպան» ֆոլկլյոր պարի միջազգային փառատոնը:
Խաղաղասիրական ուղղվածությամբ այս նախաձեռնության գերնպատակն է արվեստի, մշակույթի և հատկապես պարարվեստի միջոցով միջմշակութային երկխոսություններ ամրապնդել և նոր կապեր զարգացնել Հայաստանի և այլ երկրների միջև, կարևորել և արժևորել մշակութային դիվանագիտության դերը համընդհանուր խաղաղապահության գործում։
Որպես առաջինը իր տեսակի մեջ, փառատոնը մրցութային չէ և այս տարի փառատոնին հրավիրված են մենապարողներ Սլովակիայից, Սերբիայից, Ռումինիայից, Հունաստանից, Վրաստանից և Աֆրիկայից։ Հայաստանը կներկայացնի «Սասնա ծռեր» ազգագրական պարային համույթը։
Փառատոնը անց է կացվելու Երևանում և ՀՀ 5 մարզերում, որտեղ հանդիպումներ և համատեղ վարպետաց դասեր կկազմակերպվեն արտերկրից ժամանած արտիստների և ՀՀ մարզերի պարողների, մշակութային խմբերի և արվեստասեր բնակչության մասնակցությամբ։ Փառատոնի՝ «Պարում ենք Նոյի երկրում» խորագիրը կրող գալահամերգը տեղի կունենան հոկտեմբերի 25-ին, ժ. 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում: