22/10/2018 11:08
Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրի տեմպի կայուն աճ ունի. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրի տեմպի կայուն աճ ունի, այսօր Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի բացմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Թվերը խոսում են իրենք իրենց փոխարեն՝ Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման ծավալը 2018թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31,3 տոկոսով՝ կազմելով 351,9 մլն դոլար», - ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ աճը ձևավորվել է ԵԱՏՄ անդամ գրեթե բոլոր երկրների շուկաների շնորհիվ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ համաժողովը տեղի է ունենում Հայաստանի համար մի ժամանակահատվածում, երբ երկրում քաղաքական ու տնտեսական համակարգի խորը փոխակերպում է ընթանում:
«Ակնհայտ է, որ այդ համակարգերը որոշվում են՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը: Այս ֆորումը կարող է լավ հարթակ լինել՝ այդ ինտեգրացիոն գործընթացի միջանկյալ արդյունքների ամփոփման համար: Հատկապես՝ ԵԱՏՄ խորհդրի նախագահությունը Հայաստանին փոխանցելուն ընդառաջ», - ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով.
«Հայաստանն արդեն սկսել է քննարկել այն հարցերը, որոնք, որպես առաջնահերթություն, պատրաստվում է ներկայացնել իր նախագահության ընթացքում»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը համոզմունք հայտնեց, որ համաժողովը կարող է պայմանագրերի կնքման ու նոր գործնական կապերի հաստատման հարթակ դառնալ:
«Համաժողովին այսօր մասնակցում է ավելի քան 300 հայկական ընկերություն, որոնք պատրաստ են ԵԱՏՄ գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցության: Հենց այս գործարարների ներկայությունն էլ հավաստում է համաժողովի կարևորության մասին», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց մի քանի հարցի վրա՝ հույս հայտնելով, որ դրանք քննարկման առարկա կդառնան.
«Առաջին՝ այս տարի ԵԱՏՄ անդամ երկրներն ու Իրանը ստորագրել են ժամանակավոր համաձայնագիր՝ որպես առաջին քայլ Իրանի հետ ազատ տնտեսական գոտի ձևավորելու համար: Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որն Իրանի հետ ընդհանուր ցամաքային սահման ունի: Ընդհանուր սահմանի առկայությունն ու Իրանի հետ սահմանին՝ Մեղրիում, ազատ տնտեսական գոտու առկայությունը ստեղծում են լրացուցիչ ազդակներ առևտրատնտեսական կապերի զարգացմանը: Մենք կարող ենք գործող հարթակ դառնալ Իրանի ու ԵԱՏՄ անդամ երկրների միջև վստահելի առրտրատնտեսական կապերի հաստատման համար: Երկրորդ՝ կարևոր ենք համարում, որ միությունը շարունակի բանակցությունները ազատ առևտրի վերաբերյալ պայմանագրերի կնքման ուղղությամբ այն երկրների հետ, որոնք միտված են համագործակցության ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների հետ: Այս համատեքստում մենք պատրաստ ենք ակտիվ ներգրավվել ԵԱՏՄ-Եգիպտոս բանակցություններին», - ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, նաև բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման կարևորույթունն ու դրա կարևորությունը հատկապես Հայաստանի համար: