22/10/2018 10:54
Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ. Որևէ ապացուցողական բազա չկա, որ աջ ղեկով մեքենաներն իրենցից վտանգ են ներկայացնում. Էդմոն Մարուքյան
Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները։
Նրանք ասում են, թե շատ մարդիկ ձեռք են բերել աջ ղեկով մեքենաներ՝ տեղյակ չլինելով օրենքի սահմանափակումներին, որ հոկտեմբերի մեկից արգելքը չի հանվում։
«Շուրջ 150 մեքենա սահմանին արգելափակված է, դրանք այն մեքենաներն են, որոնց վրա ամեն օր Վրաստանում 10 հազար դրամ տուգանք է գալիս, ու շուրջ 2500 մեքենա Վրաստանի տարբեր քաղաքներում կանգնած է, որոնց ժամկետները լրանում է, խնդիր ունենք այդ մարդկանց մեքենաները Հայաստան բերելու», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Բողոքող քաղաքացիներին միացավ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանը նշեց, թե ինքն ակնկալում էր, որ նախկին կառավարության ընդունած որոշման մեջ փոփոխություն կլիներ։
«Որովհետև ես գտնում եմ, որ որևէ ապացուցողական բազա չկա առ այն, որ աջ ղեկով մեքենաները իրենցից վտանգ են ներկայացնում ու դա սպառնալիք է ճանապարհային երթևեկության ու անվտանգության առումով», - ասաց ԱԺ պատգամավորը։
Էդմոն Մարուքյանն ակցիայի մասնակիցներին ասաց, որ իրեն դիմում ուղարկեն Բաղրամյան 19 հասցեով և ինքն անպայման գրավոր ընթացակարգով կլդիմի կառավարությանը ու կառաջարկի խնդիրը լուծել ու օրենքում փոփոխություն կատարվի, որ սահմանում կուտակված մեքենաներին թույլ տան ներմուծել։
«Նախարարն ասում է որպես պահեստամաս ներմուծել կամ էլ հետադարձ ճանապարհ չկա», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ որևէ մեկը չի կարող քաղաքացուն դարձնել մեքենաների պահեստամասեր վաճառող։
«Այս առաջարկները անհիմն են ու որևէ կերպ չեն բխում այսօրվա իրողություններից, մենք այսօր չենք կարող քաղաքացուն նման բաներ ասել», - ասաց Էդմոն Մարուքյանը։