22/10/2018 11:55
Կամ գնում ենք ընտրությունների նոր Ընտրական օրենսգրքով, կամ դուք գնում եք սաբոտաժի. Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ին
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր խորհրդարանի արտահերթ նիստում, երբ քննարկվում էր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, հանդես եկավ գործընկերներին ուղղված բարեկամական կոչով:
«Երկրում ստեղծված է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ՝ դեկտեմբերին պետք է կայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հիմա էստեղ մենք պետք է լինենք կամ խոհեմ, կամ ոչ: Այլ ընտրություն չկա: Կամ մենք գնում ենք նոր Ընտրական օրենսգրքով, որը էականորեն բարելավում է ընտրական ընթացակարգերը, կամ դուք (նկատի ունի ՀՀԿ-ին-հեղ.) գնում եք սբոտաժի ճանապարհով ու ընտրությունները կայանում են հին Ընտրական օրենսգրքով», - ԱԺ ամբիոնից հայտարարեց Զոհրաբյանը:
Նա խնդրեց քաղաքական ուժերին գնալ խոհեմության ու քաղաքական կոնսենսուսի ճանապարհով: Պատգամավորը հորդորեց թույլ տալ, որ նոր Ընտրական օրենսգիրքը ընդունվի ու արտահերթ ընտրություններին գնալ էական փոփոխությունների ենթարկված ԸՕ-ով: