22/10/2018 11:16
Նոր կառավարության միասնական դիրքորոշում չկա աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի շուրջ. Հակոբ Արշակյան
Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները. պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ այժմ մոտ 150 մեքենա կանգնած է սահմանում, իսկ 2500 մեքենա՝ Վրաստանի տարբեր քաղաքներում։
Ակցիայի մասնակիցներին լսելու էր եկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։
Մինչ այդ, նախաձեռնության անդամներին էր մոտեցել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանը նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց, թե նոր կառավարության դիրքորոշումն այդ խնդրի շուրջ ո՞րն է։
«Նոր կառավարության միասնական դիրքորոշում այս հարցի շուրջ չկա, որովհետև չի եղել քննարկում», - ասաց Հակոբ Արշակյանը։
Նա ասաց, թե ինքը խոսել է ոստիկանության հետ ու պետավտոտեսչությունն ասել է, թե իրենք կտրուկ դեմ են, որ աջ ղեկով մեքենաները շահագործվեն։
«Ոստիկանությունը դեմ է, ասում է՝ գտնում են, որ դրանք վտանգավոր են ու ես, որպես նախարար, կարող եմ ասել, որ մեր ճանապարհների ամբողջ կահավորանքը ձախ ղեկով մեքենաների համար է», - ասաց նախարարի պաշտոնակատարը։