22/10/2018 11:34
Երկրում իրավիճակը ֆորսմաժորային է և դրա համար էլ Ընտրական օրենսգրքի ընդունումը հապշտապ է կազմակերպվում. Արտակ Զեյնալյան
Հայաստանի կառավարությունը Ազգային ժողովին առաջարկում է սահմանադրական համարվող Ընտրական օրենսգրքի նախագծում փոփոխությունների քննարկումը առաջին և երկրորդ ընթերցման ռեժիմներում քննարկել երեքական ժամվա ընթացքում և դրանից հետո միայն օրենքն ընդունել:
Երբ ԱԺ նիստում այս առաջարկությունը ներկայացրեց արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հետաքրքրվեց. «Դուք նորմա՞լ եք համարում, որ սահմանադրական օրենքը ընդունվի այսպես հապշտապ քննարկումների արդյունքում: Ես երբևէ չեմ հիշում, որ Ընտրական օրենսգիրքը նման հապշտությամբ ընդունվի: Որպես արդարադատության պատասխանատու՝ ես ձեր կարծիքն եմ ցանկանում իմանալ»:
Նախարարի պաշտոնակատարն ի պատասխան նկատեց, որ այդ կարծիքի հետ կհամաձայներ, եթե իրավիճակը սովորական լիներ, քանի որ ինքն էլ կարծում է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները պետք է խորը լինեն:
«Սական երկրում իրավիճակը ֆորսմաժորային է, և այս համատեքստում է, որ նման ֆորսմաժորային լուծում է առաջարկում կառավարությունը»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Իր հերթին ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը առաջարկեց առաջին ընթերցումից հետո մի քանի օր ժամանակ վերցնել, քննարկումներ կազմակերպել, քանի որ այս օրենսգրքի շուրջ քաղաքական առողջ բանակցությունների անցկացումը շատ էական է:
«Այս 24-ժամյա ռեժիմը տեխնիկական հաշվարկի արդյունք՝ արդյոք կարող ենք մենք նվազագույն ժամկետները գումարելով տեղավորվել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրողության մեջ», - արձագանքեց Զեյնալյանը՝ ընդգծելով, որ ժամանակի մեջ չեն կարողանում տեղավորվել, դրա համար էլ նման արագությամբ են կազմակերպվում քննարկումներն ու ընդունումը: