22/10/2018 18:31
Ինչ ընտրական օրենսգրքով էլ անցնեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ժողովրդի հաղթանակն անխուսափելի է, ռևանշ չի լինելու. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների տապալմանը։
«Հարկ եմ համարում նշել, որ առաջարկվող փոփոխությունները Ընտրական օրենսգիրքը առավել ժողովրդավարական դարձնելու նպատակ ուներ։ Այս քվեարկությամբ Ազգային ժողովը ևս մեկ անգամ ի ցույց դրեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները անխուսափելի են, և առանց խորհրդարանական արտահերթ ընտրությունների՝ մենք ուղղակի չենք կարողանալու որևէ քայլ անել։ Այսօրվա քվեարկությունն, ըստ էության, ցույց է տալիս իրերի իրական դրությունը, երբ խորհրդարանական մեծամասնությունը և նրա կողմնակիցներն ամեն ինչ անում են սաբոտաժի քաղաքականություն վարելու համար։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում դա մի քանի անգամ երևաց։ Նրանք հույս ունեն, որ այս ճանապարհով խորհրդարանական արտահերթ ընտրությունները կկարողանան վերածել ռևանշի գործիքի։
Բայց եթե խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի ունենան գործող ընտրական օրենսգրքով, դա ոչինչ չի փոխելու, որովհետև ժողովրդի հաղթանական անխուսափելի է։ Վերադարձ անցյալին չկա և չի լինելու։
ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում իրապես պատրաստվել արտահերթ ընտրություններին, կոչ եմ անում իշխանափոխությունը հասցնել իր վերջնական հանգրվանին։
Ինչ ընտրական օրենսգրքով էլ անցնեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ժողովրդի հաղթանական անխուսափելի է և ռևանշ չի լինելու։
Դուխով, գլուխներդ բարձր, հեղափոխությունը շարունակվում է և անխուսափելիորեն հասնելու է իր վերջնական հանգրվանին։ Դեկտեմբերին տեղին են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ ժողովուրդը հաղթելու է։
Այսօրվա քվեարկությունը ցույց տվեց, որ այս կառավարությունն իր ձևավորման առաջին օրվանից աշխատում է սաբոտաժի մթնոլորտում և հիմա փորձ է արվում այդ սաբոտաժը հասցնել իր վերջնական հանգրվանին։ Բայց սաբոտաժն իր վերջնական հանգրվանին չի հասնի, վերջնական հանգրվանին կհասնի հեղափոխությունը, ժողովրդի հաղթանակը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։