22/10/2018 14:42
Ընտրական օրենսգրքի նախագիծը չընդունելու հարցում Հանրապետականը քաղաքական շահ չունի, սկզբունքի հարց է. Արմեն Աշոտյան
Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, ընտրություններն ապահովող օրենք է, և խորհրդարանում ստեղծված միջավայրը նման օրենք ընդունելու միջավայր չէ, այսօր ԱԺ արտահերթ նիստում, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Արդյոք խորհրդարանում քննարկումների համար ժամանակային սահմանափակումը, հապճեպությունը նպաստելու է ժողովրդավարության զարգացմանը: Հոկտեմբերի 16-ին կառավարությունը հաստատեց նախագիծը, 17-ին առաքեց խորհրդարան, միևնույն ժամանակում առաքեց Վենետիկ, այսօր 22-ն է, արտահերթ նիստ ենք անում և երկու ընթերցումով էլ ուզում ենք անցկացնել օրենքը: Ժողովուրդ, սա տոների և հիշատակների մասին օրենք չէ, սա Ընտրական օրենսգիրք է, սահմանադրական օրենք է», - այսօր խորհրդարանում հայտարարեց Աշոտյանը:
Նրա խոսքով՝ դեկտեմբերյան արտահերթ ընտրությունները անխուսափելի են և հորդորեց ԱԺ-ում օրինագծի շուրջ ընթացող քննարկումները չկապել ընտրությունների հետ:
Պատգամավորը, դիմելով ներկաներին, հայտարարեց. «Եթե ասում եք՝ կա կոնսենսուս, ինչո՞ւ եք մեզ համոզում: Իմ և ժողովրդավարական ընկալման մեջ կա մի բան՝ կոնսենսուսն այնտեղ է, որտեղ հակադիր ուժերը համաձայնության են գալիս: Խորհրդարանում ներկայացված ուժերի նկատմամբ իմ ողջ հարգանքով հանդերձ, իշխանությունների հակադիր բևեռը Հանրապետականն է, որը այդ իշխանության մաս չի կազմել, համագործակցության հուշագիր չունի: Ի՞նչ կոնսենսուս առանց արմատական ընդդիմության: Կարո՞ղ եք ինձ բացատրել: Եթե կարող է լինել, եկեք մինուս ՀՀԿ արեք էլի, ինչի եք մեզ համոզում: Պետք չի մեզ համոզել, հարգելիներս, որովհետև մենք որևէ քաղաքական շահ չենք արտահայտում: Դեռ մեծ հարց է՝ Հանրապետականին ինչն է ձեռք տալիս՝ իջեցված ընտրական շե՞մը, 4-րդ կուսակցությունը, ռեյտինգայինի վերացո՞ւմը, թե՞ գործող Ընտրական օրենսգիրքը: Ռեյտինգայինի շնորհիվ մենք մեծ ձայներ ստացանք, բայց այսօր այդ ձայներ բերածները մեզ հետ չեն համագործակցում, մեծ հարց է՝ մեզ պե՞տք է ռեյտինգայինը, ունե՞նք ռեսուրսներ, թե՞ ոչ, ո՞ւմ ենք դնելու էդ տարածքներում: Մենք այստեղ քաղաքական շահ չունենք: Մենք ունենք սկզբունքի հարց՝ կա եվրոպական քաղաքագիտական ժողովրդավարական կանոն, որն ասում է՝ փոխեք Ընտրական օրենսգիրքը, բայց ընտրություններից 1 տարի առաջ: Հարգելի կառավարություն, կարող եք անցկացնել այս նախագիծը առանց ՀՀԿ-ի, իմ հաշվելով՝ ունեք 65 ձայն, բայց քաղաքական կոնսենսուս չի լինի, եթե դա անցկացնեք նման կերպ: Այսպես աշխատելով՝ դուք երկիրը վտանգի տակ եք դնում: Հայաստանի ժողովրդավարության տակ ական մի դրեք»:
Նշենք, որ Ընտրական գործընթացը կարգավորող օրենսգրքում հիմնական փոփոխությունները սրանք են՝ ընտրություններն անցկացվելու են փակ համամասնական ցուցակներով և գոյություն ունեցող ռեյտինգային ցուցակները վերանալու են։ Խորհդարան ընտրվելու նվազագույն շեմն առաջարկվում է իջեցնել՝ կուսակցությունների համար ներկայիս 5 տոկոսը դարձնելով 4, իսկ դաշինքների համար 7 տոկոսը՝ 6 տոկոս: Խորհրարան անցնելու հնարավորություն է տրվում 4 քաղաքական ուժի:Առաջարկվում է նվազեցնել նաև ընտրագրավը՝ ներկայիս նվազագույն աշխատավարձի 10 հազարապատիկի փոխարեն դարձնելով 4 հազար հինգ հարյուրապատիկ:
Առաջարկվում է նվազագույնը երեք կուսակցությունների և դաշինքների փոխարեն թույլատրել Ազգային ժողովում ներկայացված լինել առնվազն 4 կուսակցություն կամ դաշինք և մանդատների բաշխումը իրականացնել նրանց միջև, այսինքն՝ 2 տոկոս հավաքած 4-րդ ուժը կարող է անցնել խորհրդարան։ Առաջարկվում է նաև կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացում՝ 25 տոկոսի փոխարեն սահմանելով 30 տոկոս:
Նշենք, որ քիչ առաջ Հանրապետական կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ իրենք դեմ են Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունների նախագծին: