22/10/2018 18:36
Դերասանուհի Մարիամ Ղազանչյանն ու դերասան Կարո Բալյանը որդի են ունեցել
Հոկտեմբերի 8-ին Էրեբունի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարիամ Ղազանչյանի և դերասան, ռեժիսոր Կարո Բալյանի որդին՝ Արեգը: Aysor.am-ի հետ զրույցում դերասանուհի մայրիկն ընդգծեց՝ թեև առաջնեկն աղջիկ է, սակայն երկրորդ զավակի հարցում սեռային նախընտրություն չունեին:
«Ճիշտ է, երբ տանն արդեն աղջիկ երեխա կա, անկախ քեզանից ուզում ես, որ մյուս զավակդ տղա լինի: Աստծո կամոք՝ տղա ծնվեց, թեև հակառակ դեպքում էլ երջանիկ կլինեինք: Երբ մեր ընտանիքի նոր անդամը եկավ, բոլորս էլ շատ ուրախ էինք և հուզված… Ինչ վերաբերում է անվան ընտրությանը, ապա այն որոշել էինք դեռևս այն ժամանակ, երբ հայտնի դարձավ սեռը: Ի պատիվ որևէ մեկի չենք դրել, պարզապես անկախ ու գեղեցիկ անուն է», - հուզմունքով ու ժպիտով նշեց Մարիամ Ղազանչյանը:
Մայրիկի խոսքով՝ 11 ամյա Նարեն ոչ միայն չի խանդում նորածին եղբորը, այլև՝ խելագարվելու աստիճան սիրում է: Ուշադիր ու հոգատար քույրիկ է:
Անդրադառնալով զավակների նմանությանն ու տարբերությանը՝ մեր զրուցակիցը նկատեց՝ դուստրը ծնվելու առաջին իսկ օրից բնավորություն էր ցույց տալիս, որդին առավել հանգիստ ու մեղմ է:
«Գուցե ժամանակի հետ նա էլ փոխվի, դեռ հստակ չեմ կարող ասել: Կյանքում ոչինչ միանման չի լինում, նույնիսկ իմ՝ մայրանալու զգացողությունները. յուրաքանչյուր երեխայիս հետո նորից ծնվեցի, նորից եմ ապրում ու շնչում», - հավելեց նա:
Ամուսնու զգացողությունների մասին Մարիամը դժվարացավ խոսել: Միայն նկատեց՝ որդու ծնվելուց հետո նրա մեջ շատ բան է փոխվել: Ասում է՝ գուցե ինքն էլ դա չի նկատում, բայց կողքից ակնհայտ է:
Իսկ թե ինչպե՞ս է վերաբերում ավանդույթներին, հատկապես՝ քառասունքը պահելու սովորույթին, պատասխանեց.
«Սնահավատ չեմ և ավանդույթներին խոստորեն չեմ հետևում: Բայց կարծում եմ՝ քառասունք պահելը սխալ չէ: Ժամանակ է պետք, որ նախ ինքդ ադապտացվես նոր կարգավիճակին, հետո նոր մարդիկ գան ու տեսնեն երեխային: Ըստ իս՝ դա ավելի շատ մոր համար է, քան՝ երեխայի»:
Փոքրիկի խնամքի հարցում Մարիամ Ղազանչյանը չի դժվարանում: Ինչպես և Նարեի դեպքում, այս անգամ էլ ամբողջ ծանրաբեռնվածությունը իր ուսերին է վերցրել: Թեև, օգնակարնների պակաս էլ չունի:
«Տեսակով ինքնուրույն եմ: Աղջկաս ժամանակ էլ աշխատել եմ ամեն ինչ ինքս անել: Իհարկե, տատիկներն ամեն օր գալիս են, և ինչով կարողանում են, օգնում են: Անչափ շնորհակալ եմ իրենցից: Բայց կարծում եմ՝ երբ երեխա ես ունենում, պետք է առաջին հերթին ինքդ պատրաստ լինես նրան խնամելու, և ոչ թե սպասես, որ կգան ու քո փոխարեն ամեն ինչ կանեն: Հիմնական պատասխանատվությունը ես ինձ վրա եմ վերցնում ու չեմ դժգոհում այդ փաստից», - ժպիտով ընդգծեց մեր զրուցակիցը:
Դերասանուհին խոստովանում է՝ թատրոնն ու բեմը շատ է կարոտել, բայց դեռ չգիտի, թե պարտադրված ու հաճելի դադարը որքան կտևի: Այնուամենայնիվ, վստահեցնում է՝ երկար չի սպասեցնի:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Մարիամ Ղազանչյանին և Կարո Բալյանին, փոքրիկ Արեգին էլ մաղթում ենք անհոգ ու երջանիկ մանկություն: