23/10/2018 16:37
Մեզ հետ ուլտիմատումներով պետք չի խոսել, սա է Դաշնակցության տեսակը. Արմեն Ռուստամյան (Տեսանյութ)
ԱԺ Դաշնակցություն խմբակցությունը չի միացել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման համար ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար «Ելք» և «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին, քանի որ նրանց մի քանի առաջարկություն չի ընդունվել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Մենք այդ նախագծի հետ համահեղինակություն չունեինք, իսկ եթե ստորագրում ես, նշանակում է համահեղինակ ես, իսկ եթե համահեղինակ ես, ապա առնվազն քո ասածներից որևէ բան պետք է ընդունվի, որ համահեղինակ լինես։ Մենք երեք առաջարկ ենք արել, որոնցից ամեն մեկը մյուսից լավն էր, ինչո՞ւ պետք է ստորագրահավաքի նախաձեռնությանը միանամ», - ասաց Ռուստամյանը։
Եթե, այդուհանդերձ, հարցը հասնի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկությանը, ապա, Ռուստամյանի խոսքով, իրենք կողմ կլինեն։
«Եթե մեզ հետ որևէ բան չեն համաձայնեցնում, մենք չենք միանում այդ նախաձեռնություններին։ Սա է Դաշնակցության տեսակը և այդ տեսակի հետ պետք է հաշվի նստել: Մեզ հետ ուլտիմատումներով, վերջնագրերով, վախեցնելով չի ստացվի», - նշեց Արմեն Ռուստամյանը։
Դիտարկմանը, թե Դաշնակցությունը մի տեսակ նեղացած է, պատգամավորը արձագանքեց. «Նեղացած չենք, էդ ուրիշներն են որոշել, որ Դաշնակցության հետ կարելի է էդ լեզվով խոսել։ Ում հետ ուզեն, կարող են խոսել, մեզ հետ էլ են փորձել խոսել, չի ստացվել։ Մեր բոլոր իշխանությունների ճակատագիրը թող չփորձեն կրկնել այս իշխանությունները։ Բոլորին թվում էր, թե Դաշնակցությունը բոլորի հետ, իշխանությունների հետ հենց տեղ լինի, մտնում է, բա ինչի՞ հիմա դրա մասին չեն խոսում։ Մենք տեսակետ ունենք, ու դա էլ պնդում ենք»։