23/10/2018 16:28
ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը կարող է ամբողջությամբ ուժի մեջ մտնել 2019-ի սկզբին
ԵԱՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիրը, հնարավոր է, ամբողջությամբ ուժի մեջ մտնի 2019-ի սկզբին, այսօր «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի ամփոփիչ ասուլիսին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան:
Նա հիշեցրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է մայիսին և, ըստ կանոնակարգի, ուժի մեջ է մտնելու բոլոր 5 երկրների խորհրդարանների վավերացումից հետո:
«Բոլոր երկրներում դրանք խորհրդարանի օրակարգում են և, հուսով ենք, մեր պլանները՝ մինչև տարվա վերջ անցկացնել բոլոր միջոցառումները, կպահպանվեն: Այդ դեպքում մյուս տարվա սկզբից կարող ենք սպասել Իրանի հետ համաձայնագրերի ուժի մեջ մտնելուն», - ասաց Վ. Նիկիշինան:
Անդրադառնալով Վիետնամ-ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտու գործունեությանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան նշեց, որ Վիետնամի հետ ազատ տնտեսական գոտու ձևավորման վերաբերյալ ունեցած վախերը չեն արդարացվել:
«Կային մտահոգություններ, որ մենք կբացենք մեր շուկան, սակայն չենք կարողանա օգտվել հանդիպակաց առավելություններից: Արդյունքում, սակայն, մեր առևտևաշրջանառությունն աճել է 35 տոկոսով և այն աճել է համակշռված: Նույնիսկ կարող ենք ասել, որ ԵԱՏՄ-ից Վիետնամ արտահանումն աճել է ավելի շատ, քան՝ ներկրումը Վիետնամից», - ասաց Վերոնիկա Նիկիշինան: