23/10/2018 13:17
Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանը կվերականգնի հաշվողական տեխնիկայի ու սարքաշինության ոլորտում լիդերի ֆունկցիան. ՌԴ նախագահի խորհրդական (Տեսանյութ)
Ստեղծելով ընդհանուր շուկա, մենք այժմ պետք է հոգ տանենք, որ այդ շուկայում լինեն ոչ միայն հումքային ապրանքներն, այլև՝ բարձր տեխնոլոգիական, այսօր Երևանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը։
Նրա խոսքով՝ Հայաստանը համարվում է հետխորհրդային տարածքի զարգացած պետություն, որտեղ տասնամյակների ընթացքում ստեղծվում էր սարքաշինության, հաշվողական տեխնիկայի, բարձրտեխնոլոգիական մեքենաշինության բազա։
«Հայաստանի այս մասնագիտացումն այսօր վերականգնվում է։ Հայկական ընկերություններն ակտիվորեն համագործակցում են «Ռոստեխ» կորպորացիայի հետ։ Եվրասիական միության հսկայական շուկան հսկայական հնարավորություններ կտա հայկական տնտեսության զարգացման համար», - նշել է Ս. Գլազևը։
Նա հաստատել է, որ քննարկվում են կոնկրետ նախագծեր։
«Այստեղ են «Ռոստեխ»-ի, Արդյունաբերության հիմնադրամի ներկայացուցիչներ, ովքեր խնդիր ունեն ընդլայնել համագործակցություն ու վերականգնել հայկական տնտեսության համար ավանդական՝ հաշվողական տեխնիկայի ու սարքաշինության ոլորտում լիդերի ֆունկցիան», - նշեց Գլազևը։