23/10/2018 17:15
Գլազևը Հայաստանը չի ներկայացնում, իսկ իր երկրի անունից ինչ ուզում է, թող ասի. Թևան Պողոսյան
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը մտահոգվելու առիթ չի տեսնում Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարության մեջ, թե ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է։
«ԵԱՏՄ-ն է և ՀԱՊԿ-ն այն կառույցներ են, որտեղ Հայաստանն անդամակցում է և այդ կառույցներն ունեն խնդիր, որտեղ պետք է կոնսենսուս լինի, որպեսզի այլ՝ երրորդ երկիր անդամակցի։ Այդ երրորդ երկրի անդամակցումը, լինի Ադրբեջան, թե որևէ այլ երկիր, հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանն իր համաձայնությունը կտա», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը։
ՌԴ նախագահի խորհրդականը, հիշեցնենք, այսօր Երևանում հայտարարել է, որ եթե ԵԱՏՄ-ն ընդգրկի հետխորհրդային տարածքի բոլոր երկրները, ապա հակամարտություն շատ քիչ կլինի։
«Մեր դիրքորոշումն այն է, որ հետխորհրդային տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների, խորհրդակցություններ և փոխզիջումների միջոցով։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի հակամարտություններ չլինեն», - ղարաբաղյան կարգավորման մասին հարցին ի պատասխան ասել էր Գլազևը։
«Գլազևը կարող է այդպիսի հայտարարություն անել, բայց նա Հայաստանը չի ներկայացնում, իսկ իր երկրի անունից և իր երկրի շահերից ինչ ուզում է, թող ասի։
Ա՛յ, երբ այդպիսի հայտարարություն կանեն Զոհրաբ Մնացականյանը և Նիկոլ Փաշինյանը, այդ ժամանակ մտահոգվելու առիթ կունենանք։
Որ օրը Հայաստանի շահերից կբխի, իսկ դա նշանակում է, որ ամբողջ Հայաստանի Հանրապետության բնակչությունը կգիտակցի և համաձայն կլինի, որ որևէ մի տեղ Ադրբեջանի մասնակցությունը լինի, այդ օրը կխոսենք այդ հարցի մասին։ Բայց պատկերացնում եք, թե դրա համար ինչ տրանսֆորմացիաներ պետք է անցնեն։ Երբ մենք ունենք այս իրավիճակը, ի՞նչն է մեզ մտահոգել Գլազևի ասածի մեջ, ինքն իր երկրի շահերն է ներկայացրել։ Այն կառույցներում, որտեղ Հայաստանն անդամակցում է և իր համաձայնությունն է պահաջվելու որևէ երրորդ երկրի անդակցելուն այդ կառույցին, այդ անդամակցությունը կարող է տեղի ունենալ միայն և միայն, եթե դա նպաստում է Հայաստանի Հանրապետության շահերին», - նշեց Թևան Պողոսյանը։
Նա հիշեցրեց, որ երբ այսպիսի հարց է հնչեցվել նաև Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակացելու վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը թույլ չի տալու Ադրբեջանի անդամակցումը ՀԱՊԿ-ին և դեմ է քվեարկելու։