23/10/2018 15:13
Չկա դահլիճում այնպիսի ուժ, որ պահանջվող ձայներով կարող է վաղը կողմ քվեարկություն կազմակերպել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
«Ելք» խմբակցությունը մտավախություն չունի, որ վաղը Հանրապետականը կողմ կքվեարկի իրենց կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
«Չկա դահլիճում այնպիսի ուժ, որ պահանջվող ձայներով կարող է վաղը կողմ քվեարկություն կազմակերպել», - նշեց նա։
Դիտարկմանը, թե ի՞նչ նպատակ ուներ վարչապետի թեկնածու առաջադրելը, Սիմոնյանը պատասխանեց, որ նման եզրակացություն արվել է իրավաբանների հետ քննարկումների արդյունքում։
«Երևի սրա նպատակն է տեղիք չտալ տարանույթ խոսակցությունների», - նշեց նա։
Խոսելով քվեարկության մասին՝ Սիմոնյանն ասաց. «Ես չեմ քվեարկելու վաղը պարոն Փաշինյանին»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում վաղը վարչապետի ընտրության նպատակով արտահերթ նիստ է գումարվելու, որում «Ելք» խմբակցությունը առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
Նշենք, որ առաջադրումը կատարվել է ֆորմալ առումով նիստի ժամանակ քվեարկությունն ապահովելու համար։ «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը նշել էր, որ իրենք հավատարիմ կմնան հուշագրին և չեն քվեարկի: