23/10/2018 14:09
«Ելք»-ը վարչապետի պաշտոնում առաջադրում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
«Ելք» խմբակցությունը որոշել է վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, Aysor.am-ին ասաց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
«Իրավաբանների հետ խորհրդակցության արդյունքում որոշեցինք, որ ավելի լավ է առաջադրել թեկնածուին, որպեսզի կայանա քվեարկություն», - ասաց Գ.Գորգիսյանը։
Այս պահին, նրա խոսքով, առաջադրումների համար անհրաժեշտ փաստաթղթերն են պատրաստվում, որպեսզի ներկայացվի ԱԺ քարտուղարություն:
Ազգային ժողովի հատուկ նիստը, որի ժամանակ պետք է անցկացվի վարչապետի ընտրությունը, տեղի կունենա հոկտեմբերի 24-ին։
Հիշեցնենք՝ ԱԺ լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական ներկայացրեց։
Ըստ Սահմանադրության՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո։