23/10/2018 10:53
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տրանսպորտային շրջափակումը տնտեսական զարգացման խոչընդոտ է. Արա Աբրահամյան
Բիզնեսը սիրում է կայունություն և Ներդրումներ են արվում այնտեղ, որտեղ կա պլանավորման հստակ հորիզոն, Եվրասիական համագործակցության III միջազգային համաժողովում իր ելույթի ժամանակ ասաց ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը։
«Այսօր աշխարհում տնտեսական զարգացման համար կուտակվել են բազմաթիվ խոչընդոտներ. Եվրասիական տարածքը բացառություն չէ: Հայաստանի համար դա տրանսպորտային շրջափակումն է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, ինչը միջազգային իրավական բոլոր նորմերի խախտում է։ Համոզված եմ, որ տնտեսությունը՝ համադրված կանխատեսելի և կայուն քաղաքականության հետ, միավորում է ավելի հուսալի, քան ցանկացած այլ նախաձեռնություն: Եվրասիական միության համար տնտեսական ինտեգրումը կարող է դառնալ հենց այն ուժը, որը կկարողանա պաշտպանել ողջ օրգանիզմը, և ներդրումային ծրագրերի ու նոր գաղափարների ներհոսքի միջոցով բացահայտելով նաև նոր հնարավորություններ, Եվրասիան դարձնել ծաղկուն տարածաշրջան», - ասաց նա։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների ներուժը դեռևս լիովին օգտագործված չէ:
«Ավելին, այս ներուժը շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք այսօր: Իսկ ԵԱՏՄ-ի յուրաքանչյուր անդամ երկրի աշխարհաքաղաքական դիրքը լրացուցիչ առավելություններ է տալիս ընդլայնելու Եվրասիական տնտեսական համագործակցությունը հարևան երկրների, այդ թվում՝ համաշխարհային շուկայի գլոբալ և տարածաշրջանային մասնակիցների հետ։
Եվ կարծում եմ, որ հենց այս գաղափարի գիտակցումն է, որն այսօր այստեղ է բերել բիզնեսի ներկայացուցիչներ մի շարք այն երկրներից, որոնք ԵԱՏՄ անդամ չեն, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իրանը, Հնդկաստանը և այլն», - նշեց Ա. Աբրահամյանը։