23/10/2018 16:42
Ադրբեջանի անդամակցության հարցը ԵԱՏՄ-ին օրակարգում չէ. Վերոնիկա Նիկիշինա (Տեսանյութ)
Ադրբեջանի անդամակցության հարցը ԵԱՏՄ-ին օրակարգում չէ, այսօր «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի ամփոփիչ ասուլիսին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան:
«Միայն կարող եմ ասել, որ հարցը մեր օրակարգում չէ», - Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Վերոնիկա Նիկիշինան:
Նշենք, որ այսօր ավելի վաղ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորության մասին հարցին ի պատասխան ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն ակնարկել է, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է։
«Եթե ԵԱՏՄ-ն ընդգրկի հետխորհրդային տարածքի բոլոր երկրները, ապա հակամարտություն շատ քիչ կլինի։ Մեր դիրքորոշումն այն է, որ հետխորհրդային տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների, խորհրդակցություններ և փոխզիջումների միջոցով։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի հակամարտություններ չլինեն», - ղարաբաղյան կարգավորման մասին հարցին ի պատասխան ասել է նա: