23/10/2018 16:55
Իրանի նավթի նախարար. ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները անկայուն կպահեն նավթաշուկան
Նավթի համաշխարհային շուկան անկայուն կմնա այնքան ժամանակ, քանի դեռ կգործեն Վաշինգտոնի պատժամիջոցները Թեհրանի դեմ, հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
«Այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը կպահպանի նավթային պատժամիջոցները Իրանի՝ ածխաջրածինների խոշորագույն համաշխարհային մատակարարներից մեկի դեմ, վառելիքի շուկայում անկայունություն կդիտվի»,- Զանգանեի խոսքը մեջբերել է Tasnim գործակալույթունը: Նախարարն ընդգծել է, որ «ոչ մի երկիր ի զորու չէ Իրանի բաժինը փոխարինել նավթի համաշխարհային շուկայում»:
Նա նշել է, որ իրանական նավթի արտահանումը զրոյացնելը, ինչին ձգտում է հասնել ԱՄՆ-ի վարչակազմը, անհնարին է: «Մենք աչքի ենք ընկնում նրանով, որ կայուն մեր հաճախորդներին ապահովում ենք վառելիքով», - ասել է Զանգանեն:
Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները մայիսին դուրս եկավ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից եւ հայտարարեց Իսլամական Հանրապետության նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերականգման մասին, Վաշինգտոնը փորձում է համոզել իր դաշնակիցներին մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 4-ը լիովին հրաժարվել իրանական նավթի ներմուծումից:
Մինչդեռ Իրանի ազգային նավթընկերության (NIOC) ղեկավար Աքի Քարդորը հայտարարել է, որ Թեհրանը չի պլանավորում նվազեցնել նավթի արդյունահանման ծավալը, չնայած ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանման սպառնալիքին: Նրա խոսքով՝ Իրանը կշարունակի արդյունահանումը, «օգտագործելով իր ունեցած բոլոր հզորությունները», և երկիրը խնդիրներ չի ունենա նավթի վաճառքից դրամական միջոցների ստացման հարցում: