23/10/2018 17:00
Հայաստանը պետք է ռուսական գազի դիմաց վճարի ռուբլով, այլ ոչ թե՝ դոլարով. ՌԴ նախագահի խորհրդական (Տեսանյութ)
Ռուսաստանի դեմ գործող ֆինանսական պատժամիջոցների պայմաններում անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Ռուսաստանը բնական գազի մատակարարման ժամանակ վճարումներն իրականացնեն ազգային արժույթով, այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:
«Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ Հայաստանի և ԵԱՏՄ-ի երկրների հետ վճարումներում դոլարի օգտագործումը: Դոլարը դարձել է թունավոր արժույթ: Մեր հարաբերություններում դոլարի ցանկացած օգտագործումը հղի է քաղաքական ռիսկերով», - ասել է նա:
Ս.Գլազևի խոսքով՝ ազգային արժույթով վճարումներին անցնելու ժամկետը կախված է պայմանագրային պարտավորություններից և գործընկերների բարի կամքի դրսևորումից:
«Նրանք պետք է վերանայեն պայմանագրային պարտավորությունները և փոփոխեն ոչ միայն վճարման արժույթը, այլև վերանայեն գնագոյացման պայմանները», - նշել է նա: