23/10/2018 18:11
Եթե դերասանը մտահոգված է թատրոնի ճակատագրով, ոչ թե՝ միայն սեփական հավակնություններով, ընդհանուր լեզու կգտնենք. Ռուսական թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար
Հոկտեմբերի 16-ին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը միանձնյա որոշում կայացրեց և թատրոնի գեղարվեստական ղեկավարի՝ արդեն շուրջ մեկ տարի թափուր մնացած պաշտոնում նշանակեց մոսկվայաբնակ բեմադրիչ Կարեն Ներսիսյանին: Թեև վերջինս մասնագիտական իր ուղին սկսել է հենց այս թատրոնից ու նախկին գեղարվեստական ղակավար Ալեքսանդր Գրիգորյանին համարում է իր առաջին թատերական ուսուցիչը, սակայն թատրոնի անձնակազմն այս որոշումը միանշանակ չընդունեց: Բանն այն է, որ վերջին մեկ ամսում պաշտոնի հիմնական հավակնորդներից էր նաև ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, ում կողմնակիցների մոտ դժգոհությունների առիթ է դարձել, որ հարցը լուծվել է ի նպաստ ռուսաստանաբնակ ռեժիսորի:
Երվանդ Ղազանչյանի արվեստանոցն ավարտած նորանշանակ գեղարվեստական ղեկավարն իր պարտականությունները կստանձնի նոյեմբերի 10-ին:
«Ես մրցույթին մասնակցելու հայտ էի ներկայացրել, ու սպասում էի, որ դրան կարող է հետևել նախարարության կողմից նշանակումը: Սակայն Ֆրեդ Դավթյանի կողմից նշանակման մասին իմացա միայն դրա նախօրեին… Ինչ վերաբերում է այլ թեկնածուի սատարող արտիստներին, ապա այն հանգամանքը, որ նրանք այլ ռեժիսորի կողմնակից են, բոլորովին էլ պարտադիր չի, որ դեմ լինեն ինձ: Մարդու էությունն է այդպիսի. երբեմն մենք իրար մեծ հնարավորություններ ենք տալիս, իսկ երբեմն հեղինակությունը վաստակում ենք ծանր աշխատանքով: Դե ինչ, դա նաև հետաքրքիր է: Եթե դերասանը շահագրգռված է ստեղծագործական, մասնագիտական աճով, եթե նա մտահոգված է թատրոնի ճակատագրով և ոչ թե միայն սեփական հավակնություններով, ապա կարծում եմ՝ մենք ընդհանուր լեզու կգտնենք: Նույնիսկ, եթե մեր հայացքները ինչ-որ առումով չեն համընկնում», - Aysor.am-ի հարցին՝ սպասելի՞ էր իր համար այս նշանակումը, թե՞ ոչ, ու դժվար չի՞ լինի աշխատել այն արտիստների հետ, ովքեր դեմ են իրեն, այսպես պատասխանեց Կարեն Ներսիսյանը:
Նկատառմանը, թե ինչո՞վ է պայմանավորված, որ այս օրերին Հայաստանում չէ ու իր պարտականությունների ստանձնումը հետաձգել է մինչև նոյեմբերի 10-ը, մեր զրուցակիցն ընդգծեց՝ ինքը պահանջված ռեժիսոր է և իր աշխատանքային ժամանակացույցը կազմվում է դեռևս ամիսներ առաջ:
«Ես լուրջ եմ վերաբերվում իմ պարտականություններին: Ներկա պահին գտնվում եմ Վոլգոգրադում, ներկայացում եմ բեմադրում: Պրեմիերային երեք շաբաթից էլ քիչ է մնացել, այժմ ինտենսիվ փորձեր ենք անում: Երբ Ֆրեդերիկ Դավթյանն, իմ նշանակման հետ կապված, ինձ զանգահարեց, մենք պայմանավորվեցինք այն ամսաթվի մասին, երբ ես կարող եմ անցնել իմ նոր պարտականություններին: Դա նոյեմբերի 10-ն է», - մանրամասնեց նա:
Կարեն Ներսիսյանը թատրոնում անհիմն փոփոխություններ անելու նպատակ չունի: Այն ամենն, ինչը կենդանի է, կապ ունի սիրո ու ստեղծագործական ջիղի հետ, մտադիր է պահպանել, մեկտեղ՝ ավելացնել: Իսկ մահացածը, հնացածն ու ապակառուցողականը, եթե նույնիսկ ավանդական է, պետք է հեռանան:
Որքան էլ Ռուսաստանում Կարեն Ներսիսյանը պահանջարկ ունեցող բեմադրիչ է, գիտակցում է, որ նոր ստանձնած պարտականության հատկապես սկզբնական շրջանում թատրոնն իրենից շատ ուշադրություն և ուժ է պահանջելու: Նկատում է՝ Ռուսաստանի թատրոնների առջև էլ պարտականություններ ունի, սակայն, հավանաբար, դրանք կհետաձգվեն:
Ռուսաստանաբնակ ռեժիսորը Հայաստանում սեփական բնակարան ունի: Ասում է՝ թատրոնից իր տուն քայլելով 5 րոպեում է հասնում: Հարցին՝ ընտանի՞քն էլ իր հետ կտեղափոխվի Հայաստան, թե՞ ոչ, պատասխանեց.
«Դա ամենաբարդ հարցն է: Դուստրս Մոսկվայում դպրոցն է ավարտում, պատրաստվում է բուհ ընդունվել: Կինս Ռուսաստանում հետաքրքիր աշխատանք ունի, նրանից մարդիկ են կախված, իսկ նա պատասխանատու մարդ ու լուրջ մասնագետ է: Իսկ ապրել երկու երկրներում, կարծում եմ, բավական բարդ է… Իրականում, ես օրեր առաջ եմ իմացել իմ նշանակման մասին, ու մենք պետք է ընտանեկան ժողովում լուծենք այս հարցը: Հարցին մոտենալու ենք լրջորեն ու կառուցողական»:
Կրկին անդրադառնալով Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում կատարվելիք փոփոխություններին՝ Կարեն Ներսիսյանը վստահեցրեց՝ մի բան հաստատ է, դրանք ստեղծագործական բնույթի փոփոխություններ են լինելու: Ինչպես ինքն է նկատում՝ նոր գեղարվեստական ղեկավարի ու նոր բեմադրիչի առաջին գործը տվյալ թատրոնի համար արդեն իսկ փոփոխություն է: