23/10/2018 14:16
Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվել է վարչապետի պաշտոնում
«Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, Aysor.am-ին ասաց ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը:
«Փաստաթղթերը ստացվել են ԱԺ քարտուղարություն», - ասաց նա:
Ավելի վաղ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Aysor.am-ին ասել էր, որ «իրավաբանների հետ խորհրդակցության արդյունքում որոշեցինք, որ ավելի լավ է առաջադրել թեկնածուին, որպեսզի կայանա քվեարկություն»։
Ազգային ժողովի հատուկ նիստը, որի ժամանակ պետք է անցկացվի վարչապետի ընտրությունը, տեղի կունենա հոկտեմբերի 24-ին։
Հիշեցնենք՝ ԱԺ լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական ներկայացրեց։
Ըստ Սահմանադրության՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո։