24/10/2018 20:56
Միջադեպ՝ Բժշկական համալսարանում. առողջապահական ոլորտի նորանշանակ տնօրեն Նարեկ Վանեսյանը, իրեն պահել է գռեհիկ ու կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել. Tert.am
Tert.am-ի ստացած տեղեկություններով՝ Երևանի պետական բժշկական համալսարանում կայացած միջոցառման ընթացքում միջադեպ է տեղի ունեցել:
Առողջապահական ոլորտի նորանշանակ տնօրեններից մեկը՝ Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը, իրեն պահել է գռեհիկ ու առաջացրել է ներկաների զայրույթը:
Վերջինս միջոցառման ընթացքում պարբերաբար տեղից բարձրաձայն ռեպլիկներ է հնչեցրել, պահել է իրեն ինքնավստահ ու կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծել:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել Բժշկական համալսարանից։ ԵՊԲՀ լրատվության ծառայությունից մեր տեղեկությունը հաստատեցին, ասացին նաև, որ մի խումբ անվանի բժիշկներ, պրոֆեսորներ, դասախոսներ, ինչպես նաև ուսանողներ բաց նամակ են գրել վարչապետին, կրթության ու առողջապահության նախարարներին, որը պատրաստվում են հրապարակել:
Հիշեցնենք, որ Նարեկ Վանեսյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, և պաշտոնի նշանակվեց Թորոսյանի նախարար դառնալուց հետո:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ նախարարի հովանավորյալն աչքի է ընկնում անհավասարակշիռ պահվածքով: Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն նշանակվելուց հետո նա կոնֆլիկտ էր ունեցել հիվանդանոցի այցելուներից մեկի որդու հետ, այնուհետ համացանցում տարածվեց մի տեսանյութ, ըստ որի՝ Նարեկ Վանեսյանն անհարգալից պահվածք էր ցուցաբերում իր ղեկավարած բուժկենտրոնի աշխատակիցների նկատմամբ, բղավում էր, ապա հրում նրանց: