24/10/2018 14:34
Սևանի հարցն ինձ համար Ղարաբաղի նման հարց է. Փաշինյանը՝ Ամուլսարի մասին (Տեսանյութ)
Ամուլսարի հանքը կաշխատի միայն այն դեպքում, եթե բերվեն հստակ փաստեր, որ դա անվտանգ կլինի Սևանի ու Ջերմուկի ջրային համակարգի համար, այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ասում ենք՝ մեզ պետք է փաստ և փաստարկ, որ Սևանի համար վտանգաներ այդտեղ չկան։ Ասում են՝ չկա, հավատացեք մեր խոսքին ու փաստաթղթերին։ Իմիջիայլոց, Քննչական կոմիտեում քրեական գործ կա հարուցված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի համատեքստում փաստեր թաքցնելու վերաբերյալ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով դիտարկումներին, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել տնտեսական անկման կամ բացասական ազդել ներդրումային միջավայրի վրա, վարչապետի պաշտոնակատարն ասաց.
«Հիշու՞մ եք, Թեղուտում ինչ էր կատարվում, մարդիկ ասում էին՝ մի′ արեք։ Հիմա Թեղուտը կանգնած է ու պարզ չէ՝ ինչ կլինի։ Այդքան անտառները ոչնչացրեցինք, հանքը բացեցինք, սկսեցինք աշխատել՝ հայ-բուդուր ու հիմա պրոբլեմ կա և չգիտենք՝ այդ պրոբլեմը ոնց ենք լուծելու։ Նկատի ունեմ, տնեսական անկում, որ ասում ենք, այս տնտեսական համակարգը մեզ ոչ մի տեղ չի տանում։ Մեր տնտեսական աճի ցուցանիշների մասին նախկինում եղած բոլոր պնդումները եղել են «ֆեյք» պնդումներ, որովհետև մեր տնտեսությունը եղել է հետևյալը՝ ընդերքը քանդել ենք, վաճառել ու ասել՝ «արտահանում ունենք»: Է, ով ասես տենց կարտահանի, մենք դա՞ ենք ուզում։ Մենք չենք ուզում գնանք այդ ճանապարհով։ Մենք ուզում ենք կայուն տնտեսական աճի հիմքի վրա դնենք մեր երկիրը և այն ագրարային երկրից վերածենք բարձր տեխնոլոգիական երկրի, որտեղ աշխատանքը խրախուսվում է»։
Նա ընդգծեց՝ այո, այս իրավիճակները ներդրումային միջավայրի վրա որոշակի նեգատիվ ազդեցություն են ունենում:
«Օրինակ նույն Թեղուտի հանքի շուրջ մենք իրավիճակ ունենք, երբ 380 մլն դոլարի վարկի մասին է գնում խոսքը։ Ու հիմա ռուսական բանկը, որն այդ վարկը տվել է, պրոբլեմի առաջ է կանգնած, որովհետև իր վարկը ոչ մեկ չի սպասարկում, բա դա ներդրումային միջավայրի պրոբլեմ չի՞, որ մի երկրում ինչ-որ առումով նաև քաղաքական աջակցությամբ մի բանկ վարկ է տալիս, հետո պարզվում է, որ էդ վարկը ոչ մեկ չի պատրաստվում փակել։ Ու, այո, Ամուլսարի շուրջ ստեղծված վիճակը որոշակի նեգատիվ ֆոն է ստեղծում», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ շարունակելով.
«Բայց ես ասում եմ, որ Սևանը հարցը, Ղարաբաղի հարցի նման հարց է։ Չի կարելի ուղղակի փակ աչքերով գնալ էդտեղ։ Երբ որ կլինի հիմնավորում, որ դա անվտանգ է Սևանի և Ջերմուկի ջրային համակարգի համար, այդ նախագիծը կաշխատի։ Եթե պարզվի, որ վտանգ կա, ի հեճուկս որևէ բանի, ես՝ որպես վարչապետ, թույլ չեմ կարող տալ, որ դա աշխատի, որովհետև ասում եմ՝ Սևանի հարցն ինձ համար Ղարաբաղի հարցի նման հարց է»։