24/10/2018 14:18
Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին. Ներումը գալիս է ճանաչումից հետո
Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (RTS) հատվածներ է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից:
Նոյեմբերի 11-ի արարողություններին ընդառաջ, երբ բազմաթիվ երկրներում կնշվի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ իրադարձությունն առիթ կհանդիսանա «ճանաչելու» կամ «հիշելու 1915-1916-ին հայերի կրած ցեղասպանությունը»: «Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է խոսել Առաջին համաշխարհային պատերազմի մասին՝ առանց անդրադառնալու այն ողբերգությանը, որ տեղի է ունեցել շուրջ 105 տարի առաջ և առանց խոսելու ցեղասպանության մասին: Երկրների ղեկավարների կողմից ճանաչումը կամ կոչը բարձր կգնահատվի իմ կողմից, Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի կողմից», - RTS-ին ասել է Արմեն Սարգսյանը:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը պարզապես մի ողբերգության ճանաչում չէ, որը վերաբերում է մեկ ժողովրդի: Նախ և առաջ դա 20-րդ առաջին, ամենամեծ ցեղասպանությունն է: Քանի որ այն չկանխվեց, ճանաչում ու դատապարտում չունեցավ, հետագայում ևս 20-րդ դարում ցեղասպանությունները կրկնվեցին», - շարունակել է նախագահը:
Ուղերձ Էրդողանին. «Ներումը գալիս է ճանաչումից հետո»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին իր ուղերձի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արմեն Սարգսյանն ասել է, թե պատրաստ է երկխոսության և հղում է արել իր քրիստոնեական համոզմունքներին: Նա չի բացառել, որ մի օր ներում կլինի, սակայն «ներումը գալիս է ճանաչումից հետո»: Նրա համոզմամբ՝ այդ ճանաչումը պատմական ավելի լայն ընդգրկում կունենա, քանի որ հայոց ցեղասպանությունը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»:
«Ես նախ և առաջ կասեի Էրդողանին. «Բարի լույս, պարոն նախագահ: Կարծում եմ՝ մենք միասին քննարկելու հարց ունենք: Դու Թուրքիայի նախագահն ես, իսկ ես՝ Հայաստանի: Իմ ընտանիքը, իմ նախնիները Էրզրումից, Վանից ու Բիթլիսից են: Իմ հին ընտանիքը պատմություն ունի: Ինչո՞ւ չխոսենք Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների մասին, ինչո՞ւ չխոսենք մեր անձնական պատմությունների մասին: Մենք պետք է խոսենք ոչ միայն պատմության, այլև ապագայի մասին՝ քո ու իմ երեխաների, թոռների ապագայի, մեր երկու ժողովուրդների մասին»: Ես քրիստոնյա եմ: Քրիստոնեությունը սովորեցնում է, որ միշտ կա ներելու հնարավորություն, սակայն ներողամտությունը կարող է միայն հաջորդել ճանաչմանը», - ասել է նախագահ Սարգսյանը: