24/10/2018 11:57
Մեզ վստահեցրել են, որ Ադրբեջանին վաճառված ամերիկյան ուղղաթիռները քաղաքացիական են և չեն կարող ունենալ ռազմական կիրառություն. ՀՀ ԱԳՆ (Տեսանյութ)
Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը միշտ գտնվում է հայկական կողմի օրակարգում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն՝ անդրադռանալով Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի վերաբերյալ տեղեկատվությանը:
«Սպառազինության մրցավազքը միշտ հայկական կողմի օրակարգում է և մենք կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր անդամներին զերծ մնալ այն գործողություններին, որոնք նպաստելու են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին կամ անկայունությանը», - ասաց Աննա Նաղդալյանը:
Ինչ վերաբերում է բուն ամերիկյան ուղղաթիռների վաճառքին, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարն արձագանքեց.
«Մեզ վստահեցրել են, որ դրանք քաղաքացիական կիրառության ուղղաթիռներ են՝ նախատեսված արտակարգ իրավիճակներում կիրառելու համար և չեն կարող ունենալ ռազմական կիրառելիություն»:
Նշենք, որ նոր ուղղաթիռների վաճառքի մասին տեղեկատվություն Facebook-ի իր էջում հրապարակել էր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մասնավորապես նշելով.
«Ամիսներ առաջ խոսեցի «Bell 412» ուղղաթիռների մասին: Մեր հասաարակության մեջ շատերը պնդում էին, որ դրանք քաղաքացիական են և անհանգստանալու առիթ չկա: Հիմա Ադրբեջանն ունի ամբողջությամբ ռազմական MD-530F հարվածային ուղղաթիռներ` «Cayuse Warrior»: Եթե նախորդ անգամ մեծ աղմուկ անեինք,նման բան չէր լինի: Ինձ համար կարևոր է հասկանալ, արդյոք սա որտեղի՞ց են ձեռք բերել և արդյոք այն վաճառվել է մեր՝ Սիրիա գնալու որոշումից հետո»: