24/10/2018 10:58
Հոգեբանորեն պատրաստ եղեք՝ մարտի 1-ի գործը մինչև վերջին անկյունները բացահայտվելու է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Որևէ մեկը չկասկածի, որ մարտի 1-ի գործը բացահայտվելու է, այսօր Ազգային ժողովի նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Մարտի 1-ի գործը բացահայտվելու է մինչև վերջ, մինչև վերջին անկյունները բացահայտվելու է։ Ես ուղղակի կոչ եմ անում՝ հոգեբանորեն պատրաստ լինել բացահայտումների ողջ ծավալին, որովհետև հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչը, ես համոզված եմ, առաջիկայում կիմանաք», - հայտարարեց նա։
Նշենք, որ մարտի 1-ի քրեական գործով առայժմ մեղադրանք է առաջադրվել երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյայի՝ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Նրանց բոլորին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու փորձի համար։