24/10/2018 11:06
Հանրապետականի ռևանշի երեք փորձը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի (Տեսանյութ)
Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, ոչ թե իշխանափոխություն, քանի որ տեղի է ունեցել հասարակական ֆորմացիայի իրական փոփոխություն, այսօր Ազգային ժողովի նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հանրապետականը այդ ընթացքում փորձել է ռևանշի հասնել, մասնավորապես, առաջինը՝ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացիայի փորձն էր, երկրորդ փորձը՝ հոկտեմբերի 2-ին էր, երրորդը՝ այս երկուշաբթի Ազգային Ժողովում Ընտրական օրենսգրքում առաջադրվող փոփոխությունների բոյկոտն ու տապալումն էր:
«Սա արվում էր նրա համար, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան գործող ընտրական օրենսգրքով, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգով, որովհետև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների և նրանց հետ ասոցացվող ուժերի և անձանց շրջանում հանկարծակի հույս ծագեց, թե ռեյտինգային ընտրակարգը նրանց կարող է շանս տալ առաջիկա արտահերթ ընտրություններին հասնել ռևանշի: Իսկ պատճառը պետք է ուղիղ կապել Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների հետ», - ասաց Ն.Փաշինյանը:
Նա նշեց, որ Սյունիքի գործող քրեական, քաղաքական և տնտեսական էլիտան, իր ձեռքում շարունակելով պահել բավականին շոշափելի լծակներ, կարողացել է կոնսոլիդացիա ապահովել և մարդկանց մի որոշակի հատվածի, հին մշակույթի և արժեքների տրամաբանությամբ ուղղորդել որոշակի քվեարկության:
«Հանրապետականները հույս ունեն, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կհաջողվի գործարկել կապանյան մոդելը», - նշեց Ն. Փաշինյանը: