24/10/2018 13:15
Շանթ Հարությունյանին բանտից հանելու համար պետք է ուժային գործողություն ծավալել. Նիկոլ Փաշինյանի կատակը
Շանթ Հարությունյանին արդեն հինգ ամիս է՝ խնդրում եմ, որ բանտից դուրս գա, այսօր Ազգային ժողովի նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Շանթ Հարությունյանին ազատ արձակելու մասին հարցը նրան ուղղեց ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանը։ Նրան հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է հեղափոխությունից հինգ ամիս անց Շանթ Հարությունյանը անազատության մեջ, այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ նրան առաջադրվել է մեղադրանք զուտ քաղաքական հայացքների համար։
«Մենք ստացել ենք գրություն, որտեղ ինքն ասում է՝ ես դուրս չեմ գա ոչ պայմանական վաղաժամկետ, ոչ համաներումով, ոչ էլ ռեժիմը փոխելով։ Շանթ Հարությունյանին բանտից հանելու համար պետք է ուժային գործողություն ծավալել՝ դիմակավորված սպեցնազը մտնի ու բանտից հանի դուրս, դռները փակի, որ ինքը էլ ներս չկարողանա մտնել», - ի պատասխան Զուրաբյանի հարցի, կատակեց Փաշինյանը։
Անդրադառնալով Հարությունյանի՝ իրեն արդարացնելու մասին պահանջին, վարչապետի թեկնածուն ասաց, որ «շատ արդարացի պահանջ է»։
«Նա պահանջում է իրեն արդարացնել։ Իսկ ո՞վ պետք է արդարացնի։ Դատարանը, չէ՞։ Ի՞նչն է խանգարում, որ նրա պաշտպանները համապատասխան հայցով դիմեն դատարան։ Բայց մինչև այժմ չեն դիմել։ Ես հիմա եթե ասեմ՝ գնացեք դիմեք դատարան, ինձ կասեն՝ բա դու, որ էդպես ես ասում, դատարանը կարդարացնի՞։ Հետո կառաջանա խնդիր՝ ես զանգեմ դատավորին, ասեմ՝ արդարացրու։ Եթե ես հիմա զանգեմ, ասեմ արդարացրու, վաղը կզանգեմ կասեմ՝ կալանավորի։ Դա անխուսափելի է», - հայտարարեց վարչապետի թեկնածուն։
Նա ընդգծեց, որ եթե մի անգամ զանգ արվի դատավորին, ապա այդպես կշարունակվի երկար, նաև հետագայում ու հետո կպարզվի, որ ոչ մեկ առանց զանգի պատրաստ չէ աշխատել։ Սակայն, նրա խոսքով, իր իշխանությունը նման նպատակ չունի, իրենք պատրաստ չեն դատավորին որևէ բան ասել։
«Ես դատավորներին բան չեմ ասելու։ Այո, կան հարցեր, որոնց քաղաքական լուծում պետք է տրվի, այժմ էլ համաներման նախագիծ է ներկայացվել ու նման հարցերը պետք է քաղաքական մակարդակում քննարկվեն», - ասաց վարչապետի թեկնածուն։