24/10/2018 11:34
Հանրապետականը պայմանավորվածություններ չի խախտում. Վահրամ Բաղդասարյան (Տեսանյութ)
Մենք պայմանավորվածությունները չենք խախտում, Նիկոլ Փաշինյանին չենք ընտրելու վարչապետ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Անդրադառնալով Փաշինյանի ելույթին՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ քանի որ այս ամենը ձևական բնույթ է կրում, ելույթը չէր կարող ծրագրային լինել:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածին, որ առանց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, Հանրապետական կուսակցությունը քիչ շանսեր ունի ընտրվելու, Բաղդասարյանը պատասխանեց. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ընտրությունից մեկ ամիս առաջ բավական լուրջ խնդիր է, վատ է ազդում մեր հեղինակության վրա: Դա պետք է գիտակցեն բոլորը՝ ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի Ընտրական օրենսգիրք փոխել»:
Դիտարկմանը, որ, այդուհանդերձ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ՀՀԿ շահերից է բխում, Հանրապետական խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես խնդրում եմ մի անձնավորեք, թե ում շահերից է բխում: Դեկտեմբերի ընտրություններն ո՞ւմ շահերից են բխում»: