24/10/2018 10:24
Ես առաջադրվել եմ ոչ թե ընտրվելու, այլ չընտրվելու համար. Նիկոլ Փաշինյան
Այսօր առավոտյան մեկնարկած ԱԺ հերթական նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պաշտոնապես ներկայացրեց, որ իրենք վարչապետի ընտրություններում առաջադրել են Նիկոլ Փաշինյանին։
«Այս ամենն արվում է, որպեսզի ապահովվի Սահմանդրությամբ պահանջվող ընթացակարգը։ Թեկնածուի գործունեությունը ներկայացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ այն բոլորին քաջ ծանոթ է», - հայտարարեց Լենա Նազարյանը։ Նրան հարցեր չեղան, և ԱԺ նիստը վարող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ամբիոնի մոտ հրավիրեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։
«Իմ առաջադրումը, որպես վարչապետի թեկնածու, կրում է ֆորմալ բնույթ։ Ես առաջադրվել եմ ոչ թե ընտրվելու, այլ՝ չընտրվելու համար։ Առաջադրման իմաստը առաջիկա խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունն ապահովելն է, դրա համար իրավական սողանցքները բացառելն է։ Միանշանակ է ու աներկբա, որ առաջիկա դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք լինելու են հեղափոխության վերջնական հաղթանակը», - իր ելույթի սկզբում հայտարարեց Փաշինյանը։
Նա ասաց, որ ծրագրային ելույթ չի ունենալու, այլ ներկայացնելու է վերջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը։