24/10/2018 10:50
Կապանում տեղի ունեցած ընտրությունները և դրանց արդյունքները օրինական են. Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին (Տեսանյութ)
Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հիմնական շարժառիթը ոչ թե Սյունիքում նոր դիկտատուրա հաստատելն է, այլ՝ Սյունիքի հպարտ քաղաքացիների ազատությունների ու իրավունքների երաշխավորումը, այսօր Ազգային ժողովի նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ Սյունիքի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը անհնար կլինի մարզում քրեական ու տնտեսական էլիտայի անառողջ ազդեցությունները չեզոքացնելու համար։ «Դա մի խնդիր է, որը մենք լուծելու ենք հստակ, վճռական ու անառարկելիորեն», - հայտարարեց Փաշինյանը։
Անդրադառնալով Կապանի քաղաքապետի ընտրություններին, որի արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Նարեկ Բաբայանը չէր հաղթել, Փաշինյանը հայտարարեց, որ իրենք ընդունել են այդ ընտրությունների արդյունքները։ Իսկ այդ արդյունքներն իրենք ընդունել են, քանի որ իրենց նպատակն է ժողովրդի իշխանության հաստատումը։
«Ես ինքս ժամանակին տեսել եմ, թե ինչպես ընտրությունների արդյունքների կեղծումը հիմնավորում են բազմաթիվ պետական և այլ հիմնավորումներով։ Այսինքն՝ երբեք չի ասվել, որ մենք ընտրությունները կեղծել ենք՝ իշխանությունը ատամներով պահելու համար։ Մենք այդպես չենք ուզում, մենք ուզում ենք անկեղծ երկխոսություն ժողովրդի հետ, մենք ուզում ենք բաց զրույց ունենալ բոլորի հետ։ Ընտրությունների պաշտոնական արդյունքները ձևավորվել են ժողովրդի քվեարկության արդյունքում։ Հստակ ուզում եմ ընդգծել՝ Կապանում տեղի ունեցած ընտրությունները և դրանց արդյունքները օրինական են», - հայտարարեց Փաշինյանը։
Այդուհանդերձ, ըստ թեկնածուի, Կապանում ընտրությունների արդյունքների վրա անառողջ ազդեցություն են ունեցել քաղաքական ու տնտեսական էլիտան, որի պատճառն այն է, որ այնտեղ հեղափոխությունը ոչ բոլորին է հասել։