24/10/2018 11:49
Ղարաբաղի հարցի լուծման թաքուն տարբերակ չի կարող լինել. Փաշինյան
Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն , որ Ղարաբաղի հարցը լուծի առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Ժողովրդի կարծիքն է այն վճռական գործոնը, որը պետք է որոշի Ղարաբաղի հարցի լուծման այս կամ այն տարբերակը մեզ ձեռնտու է, թե ձեռնտու չէ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե Ղարաբաղի հարցի լուծման թաքուն տարբերակ չի լինելու։
«Ղարաբաղի հարցի թաքուն տարբերակ, որ մեկ էլ մի օր արթնանանք տեսնենք, հոպ, հարցը լուծվել է, այդպիսի բան ուղղակի չի կարող լինել», - ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց՝ ինքը բազմիցս ասել է, որ եթե բանակցային գործընթացում կձևավորվի մի այնպիսի տարբերակ, որն ինքն անձամբ կհամարի տարբերակ, որը արժի ներկայացնել ժողովրդի քննարկմանը, բնականաբար, առաջին գործողությունը դա է լինելու։
«Ես էլի եմ ասում՝ քանի դեռ Ղարաբաղի իշխանությունը ներգրավված չէ բուն պրոցեսում, մենք մոտիկ չենք հարցի կարգավորմանը», - ասաց Ն. Փաշինյանը։
Նա ասաց, թե հայկական կողմի տեսակետն այն է, որ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման՝ չի պատկերացնում հարցի կարգավորում։
«Մենք պետք է մեր հայտարարությունները անենք իրականության վրա հիմնվելով ու էլի ասում եմ նախկին պրոցեսների վերաբերյալ՝ երբ որ ես ասում եմ, որ չեմ կարող բանակցել Արցախի ժողովրդի ու պետության անունից, դա քմահաճույք չէ, և Ռոբերտ Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի քաղաքական ծագումնաբանությունը կապված է Ղարաբաղյան շարժման ու Ղարաբաղի հետ, էլի եմ ասում, մեզ համար, ինձ համար ընդունելի է, թե ընդունելի չէ, նրանք ունեցել են կոնկրետ պատճառաբանություն ու կոնկրետ փաստարկ, թե ինչու իրենք կարող են խոսել Ղարաբաղի անունից, որովհետև Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի ընտրված նախագահ է եղել, Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության կազմակերպման լիդերներից է եղել, իրենք կարող են համարել, որ իրենք այդ մանդատն ունեն», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իր պարագայում չկա այդպիսի գործոն։