24/10/2018 09:18
Վարչապետի ընտրության հարցն՝ ԱԺ օրակարգում. Թեկնածուն դարձյալ Փաշինյանն է
Այսօր առավոտյան ժամը 10:00-ին Հայաստանի խորհրդարանի հերթական նիստում կմեկնարկի վարչապետի ընտրության հարցի քննարկումը: Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է երեկ՝ ժամը 18:00-ին: Միակ թեկնածուն «Ելք» խմբակցության կողմից առաջադված ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է:
Հայաստանի Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն, վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` 7-օրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Սա դեռ վարչապետի ընտրության առաջին փուլն է: Այս դեպքում Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Նկատենք, որ ավելի վաղ «Ելք» խմբակցությունը մտադիր չէր այս փուլում վարչապետի թեկնածու առաջադրել: Սակայն իրավաբանների հետ երկար քննարկումների արդյունքում որոշվել է, այդուհանդերձ, առաջադրել թեկնածու, ինչը հենց Սահմանադրության պահանջն է: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Այսինքն՝ վարչապետի ընտրության առաջին փուլում անհրաժեշտ է, որ կայանա քվեարկություն, որպեսզի Ազգային ժողովի լուծարման գործընթաց կայանա:
ԱԺ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցություններն արդեն հայտարարել են, որ չեն քվեարկելու, Դաշնակցություն և Հանրապետական խմբակցությունները առայժմ դիրքորոշում չեն հայտնել: Սակայն ավելի վաղ, պայմանավորվածության համաձայն, ԱԺ-ն լուծարելու համար վարչապետի ընտրության երկու փուլերում էլ վարչապետ չպետք է ընտրվի:
Այսպես, եթե այսօր՝ հոկտեմբերի 24-ին, վարչապետ չի ընտրվում, ապա յոթ օր հետո, այսինքն՝ նոյեմբերի 1-ին, կանցկացվի վարչապետի ընտրության երկրորդ փուլ: Եվ դարձյալ վարչապետ չընտրվելու դեպքում Ազգային ժողովը կարձակվի իրավունքի ուժով: