25/10/2018 13:51
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխություններին. Ջոն Բոլթոն
Հոկտեմբերի 25-ին, Անվտանգության խորհրդի գրասենյակում կայացավ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և արտաքին գործերի նախարար պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, տեղեկացնում են ԱԱԽ լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, ընդգծեց.
«Առանձնահատուկ հիշատակման է արժանի այն իրողությունը, որ ԱՄՆ այսչափ բարձր մակարդակի պատվիրակությունը ժամանում է Հայաստան, հայ ժողովրդի նորագույն պատմության բեկումնային այս ժամանակաշրջանում: Կուզենայի հատկապես ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների հետ երկկողմ քաղաքական տնտեսական, առևտրային հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը»:
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը իր պատասխան խոսքում նշեց.
«Ուրախ եմ լինել Հայաստանում՝ ընդգծելու մեր երկկողմ հարաբերությունների կարևորությունը և անդրադառնալու այդ հարաբերություններին ու տարածաշրջանին առնչվող հարցերի լայն շրջանակի: Ես շատ եմ կարևորում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ռազմավարական ու անվտանգության հարցերը, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքականությունը Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի մասով, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունը մեծացնելու մեր ընդհանուր ջանքերը քննության առնելու այս հնարավորությունը: Մենք աջակցում ենք Հայաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխություններին, որոնք նախանշում են առավել բարեկեցիկ, ազատ ու անկախ ապագա»:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ և երկու երկրների արտաքին քաղաքական գերակայությունները, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ:
Երկուստեք առանձնահատուկ կարևորվեց ԱՄՆ-ում հայկական համայնքի դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում։