25/10/2018 14:12
Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց իմ առաջ բացել իր հաջողության գաղտնիքը. ԱՄՆ նախագահի խորհրդական (Տեսանյութ)
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում խոսել է դեկտեմբերին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, այսօր այս մասին Ջ. Բոլթոնն ասաց Երևանում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Խոսեցինք դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրությունների և նաև այն մասին, որ որոշ բաներ կապված այդ հարցի հետ հետաձգվելու են։ Խոսեցինք հասարակության շրջանում անցկացված հարցումների մասին, որոնք ցույց են տալիս, որ առաջիկա ընտրություններում վարչապետը կստանա ուժեղ մանդատ։ Ես նրան հարցրեցի, թե ո՞րն է իր հաջողության գաղտնիքը, սակայն նա հրաժարվեց իր գաղտնիքն իմ առաջ բացել։ Գուցե ընտրություններից հետո բացի այն», - ասաց Ջոն Բոլթոնը։
Նա ընդգծեց՝ փաստն այն է, որ «եթե այս կանխատեսումներն իրականություն դառնան, ընտրություններից հետո վարչապետը շատ ուժեղ մանդատ կունենա մի շարք վճռական քայլեր իրականացնելու համար»։
Ջոն Բոլթոնը նշեց, որ հանդիպել է նաև հայաստանյան վերլուծաբանների հետ։
«Ինձ համար պարզ դարձավ, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը հանդիսանում է Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային կարևորության հարցերից մեկը», - ասաց ԱՄՆ նախագահի խորհրդականը։