25/10/2018 17:17
Վաշինգթոնը սեղմում է Իրանի շուրջ օղակը և հորդորում Երևանին կարգավորել ԼՂ հակամարտությունը
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կոչ է արել կարգավորել ԼՂ հակամարտությունը, բացել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները, քանի որ Իրանի դեմ ԱՄՆ ճնշումները առավելագույնի են հասցվելու:
«Կարծում եմ, որ ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարևորությունը, քանի որ եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, ևս կբացվի: Եվ կարծում եմ, որ Վրաստանի հետ սահմանը կարող է ավելի քիչ անհանգստություն առաջացնել այն առումով, թե ինչ ճնշում կգործադրեն նրանց նկատմամբ ռուսները», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ջ. Բոլթոնը:
Նրա խոսքով՝ Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի:
«Ինչպես ես բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից: Այն շարունակում է մնալ միջազգային ահաբեկչության կենտրոնական «բանկիրը»: Մեզ մտահոգում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերը և Սիրիայում, Իրաքում ու այլուր նրա ակտիվ ռազմական գործողությունները: Ակնհայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում: Ուստի կարծում եմ, որ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև զրույցը շատ կարևոր կլինի: Սակայն, ինչպես ընդգծեցի վարչապետի հետ զրույցում, մենք մտադիր ենք ողջ ուժով կիրառել այս պատժամիջոցները: Սա Օբամայի վարչակազմը չէ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, որովհետև կարծում ենք, որ Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհով մեկ նրանց վարքագիծը չարամիտ է և պետք է փոխվի», - հայտարարել է Ջ. Բոլթոնը: