25/10/2018 13:57
«Rich Bitch». Իվետա Մուկուչյանի եռագրության երկրորդ հատվածում կանանց ու տղամարդկանց բարդ ընկալումներն են
Կայացավ երգչուհի Իվետա Մուկուչյանի եռագրության երկրորդ հատվածի պրեմիերան, որը կրում է «Ritch Bitch» խորագիրը։ Ինչպես եռագրության առաջին մասը` «Մարգո»-ն, այնպես էլ երկրորդ հատվածը նկարահանվել է Հարավային Աֆրիկայում։
Եռագրության երկրորդ մասը ռեպային որոշակի տարրեր է պարունակում։ Այն այս աշխարհում կնոջ դիրքի, դիրքի փնտրտուքի և երբեմն տղամարդկանց շրջանում առկա սխալ ընկալումների մասին է։ Տեսահոլովակում կնոջ կերպարն ուժեղ է, չի հանձնվում, նա շարունակում է իր ուղղությունը, շարունակում է պայքարել և հաստատել աշխարհում գոյության իր իրավունքը։
Երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է Իվետա Մուկուչյանը, գործիքավորումն իրականացրել է Դարքո Բիթսը, երաժշտական ձևավորումը` Դեիմոս Վիրգիլիտտոն, միքս և մասթերինգն իրականացրել է Լևոն Նավասարդյանը, հագուստների ձևավորումը` Մարիաննա և Իվետա Մուկուչյանները, դիմահարդարումը և վարսահարդարումը` Մարիաննա Մուկուչյանը։
Տեսահոլովակի ռեժիսորը Նիք Էվին է, պրոդյուսերներ` Բրեդ Քլերլի և Իվետա Մուկուչյան։ Ողջ արտադրությունն իրականացրել է «Մուկուչյան փրոդաքշն»-ը։
Ինչպես եռագրության առաջին հատվածում, այնպես էլ «Ritch Bitch»-ում առկա է թագուհու կերպարը։ Նա շարունակում է քայլել, անհաղորդ մնալ իրեն ուղղված առաջարկներին, իսկ թե որտեղ կամփոփվի նրա ճանապարհը, պարզ կդառնա միայն եռագրության հաջորդ հատվածում:
Եռագրության երրորդ և եզրափակիչ հատվածը կներկայացվի առաջիկայում և կապահովի թեմայի հանգուցալուծումը։