25/10/2018 18:23
Արդեն 3 առանձին բնավորություններով բալիկներիս համար եմ պատասխանատու. Պարուհի Մարինա Մարտիրոսյանը որդի է ունեցել. Լուսանկարներ
Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում լույս աշխարհ է եկել պարուհի, հաղորդավարուհի Մարինա Մարտիրոսյանի երրորդ զավակը: Մայրիկի խոսքով՝ 3 կգ 730 գրամ քաշով և 52 սմ հասակով Մարկն իրեն է նման, թեև օր-օրի է փոխվում: Բնույթով էլ աշխույժ է՝ չնայած ծնողներին թողնում է քնել:
«Հիմա ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում, քանի որ արդեն 3 առանձին բնավորություններով բալիկներիս համար եմ պատասխանատու: Կարծես, առաջին անգամ հուզվել էի, երբ մեր բարեկամներն ու ընկերներն ինձ դիմավորեցին ծննդատանը՝ բազմաթիվ ծաղիկներով ու նվերներով», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց պարուհին:
Անդրադառնալով փոքրիկի անվան ընտրությանը՝ նկատեց.
«Այս առումով քննարկումները շատ էին, նույնիսկ բարեկամներն ու ընկերներն էին տարբեր անուններ առաջարկում: Իհարկե, մենք ունեինք մեր տարբերակները, որոնցից, ի վերջո, ընտրվեց ամուսնուս տարբերակը՝ Մարկ, որին ես ամենևին դեմ չէի: Ինձ նույնպես շատ է դուր գալիս այդ անունը: Կարճ է, հստակ ու հնչեղ»:
Թե ի՞նչ սեռի կլիներ երրորդ զավակն, ամուսինները նախընտրություն չունեին: Պարուհի մայրիկն ընդգծում է՝ միայն թե առողջ բալիկ ծնվեր… Եվ ծնվեց, ինչի համար շնորհակալ են Աստծուն: 6 տարեկան դուստրն ու 4-ամյա որդին էլ ուրախությամբ ու խանդավառությամբ ընդունեցին իրենց նորածին եղբորը:
Հարցին՝ կպահեն արդյոք ավանդական, այսպես ասած, քառասունքը, Մարինա Մարտիրոսյանը պատասխանեց.
«Սուտ կլինի, եթե ասեմ, որ հատուկ ավանդույթներին հետևելու համար քառասունք կպահենք: Ուղղակի, ամեն դեպքում, առայժմ հասարակական վայրեր, հյուր չենք գնա: Միայն բակում կզբոսնենք: Բայց եթե այս ընթացքում մեզ հյուրընկալվեն բարեկամներ կամ ընկերներ, մեր դռները բաց են, սիրով կընդունենք»:
Երեխաների մասին հոգ տանելու ու հատկապես նորածնին խնամելու հարցում պարուհու առաջին օգնականն ամուսինն է:
«Նա ամեն առումով է ինձ շատ օգնում: Բայց որպես կնոջ ձեռք այս պահին կողքիս է մտերիմ ընկերուհիս՝ Սիման, ում հետ տարիներ առաջ պարել ենք Սոֆի Դևոյանի Պարի և հոգու թատրոնում, հրաշալի ճանապարհ ենք անցել», - խոստովանեց նա:
Երեք զավակների մայրիկը նկատում է՝ կսահմանափակվեն իրենց երեք հրաշքներով, 4-րդի մասին այլևս չեն մտածում: Հետո էլ ժպիտով հավելում է՝ բայց, ո՞վ գիտի…
Նրանց՝ արդեն համալրված ու մեծ ընտանիքը Հայաստան կայցելի 2019-ի ամռանը:
«Այս ամառ չստացվեց գալ, քանի որ բժիշկս խորհուրդ տվեց ռիսկի չգնալ: Մյուս ամառ, Աստծո հաջողությամբ, արդեն մեծ ընտանիքով անպայման կգանք», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Մ. Մարտիրոսյանը: