26/10/2018 18:17
Նիկոլ Փաշինյանը ուսումնասիրում է բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները. Արման Եղոյան
Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստացել է բազմաթիվ անվանի բժիշկ-պրոֆեսորների բաց նամակը՝ Երևանի բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը տեղեկացրեց, որ վարչապետն այժմ ուսումնասիրում է նամակում նշված հանգամանքները։
«Վարչապետը տեղյակ է միջադեպի մասին, ստացել է պրոֆեսորների բաց նամակը, ուսումնասիրում է և դիրքորոշում կհայտնի կատարվածի հանգամանքները համակողմանի ուսումնասիրելուց հետո», - ասաց Եղոյանը։
Նշենք, որ մամուլում հայտնվել էր տեղեկություն, որի համաձայն, Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը, որը առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, իրեն պահել է «գռեհիկ ու առաջացրել է ներկաների զայրույթը»: Նկատենք, որ հենց Թորոսյանի նախարար նշանակվելուց հետո է Վանեսյանը նշանակվել այդ պաշտոնին։
Մասնավորապես, ըստ նույն տեղեկությունների, Վանեսյանը միջոցառման ընթացքում պարբերաբար տեղից բարձրաձայն ռեպլիկներ է հնչեցրել, պահել է իրեն ինքնավստահ ու կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծել: Տեղեկությունը հաստատել էին Երևանի բժշկական համալսարանի լրատվական ծառայությունից։
Միջոցառմանը ներկա բազմաթիվ պրոֆեսորներ, բժիշկներ բաց նամակով դիմել էին վարչապետի պաշտոնակատարին՝ ընդգծելով, որ Վանեսյանը «դրսևորել է շրջանավարտին, քաղաքացուն և բժշկին անհարիր ու անվայել պահվածք»։
Նկատենք, որ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը աշխատանքային այցով արտերկրում է և թեպետ սոցիալական ցանցերում ակտիվ է, սակայն չի մեկնաբանել կատարվածը։