26/10/2018 18:59
Արտակ Զեյնալյանը պնդում է՝ համաներումը բավականին ընդգրկուն է
Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը կարծում է, որ համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը չպետք է հրապարակվեր ԱԺ պաշտոնական կայքում։
«Ազգային ժողովի կայքում համաներման մասին նախագիծը հրապարակելը որոշակի հակասության մեջ է մտնում ԱԺ կանոնակարգ օրենքի հետ, որի համաձայն, այդ նախագիծը ԱԺ պետա-իրավական հանձնաժողովում քննարկվում է փակ ռեժիմով։ Ձեռք գցել, ինչ-ինչ ճանապարհներով հայթայթել այդ փաստաթուղթը, դարձնել հրապարակման առարկա, հակասում է հանրային շահը», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նախարարի պաշտոնակատարը։
Լրագրողների դիտարկմանը, թե բազմաթիվ փաստաբաններ պնդում են, որ հայտարարվող համաներումն ամենևին էլ աննախադեպ չէ, Զեյնալյանը արձագանքեց. «Սա նախագիծ է, մենք ունենք հիմնավոր փաստաթղթեր, ըստ որի, այս համաներումը բավականին ընդգրկուն համաներում է»։
Անդրադառնալով փաստաթղթի բովանդակությանը՝ Զեյնալյանն ասաց, որ այն լրամշակվելու է ու փոփոխության է ենթարկվելու։ Համաներման նախագծի բովանդակության մասին նախարարի պաշտոնակատարը ձեռնպահ մնաց խոսել և միայն ասաց. «Համաներումը պետության պարտականությունը չէ, այլ բարի կամքի դրսևորում»։
Նշենք, որ բազմաթիվ իրավաբաններ հայտարարել էին, որ համաներման հրապարակված նախագիծը այն աստիճան ընդգրկուն, ծավալուն չէ, ինչպես պնդում է նախարարի պաշտանակատարը։
«Մեղմ ասած, անբարոյականություն է ամիսներ շարունակ բանտերում գտնվողներին և նրանց հարազատներին (էլ չեմ ասում՝ ողջ ժողովրդին) խաբել սպասվող համաներման աննախադեպության մասին լոլոներով և վերջում այսպիսի նախագիծ դնել շրջանառության մեջ։ Երիցս անբարոյականություն է ցմահ ազատազրկվածների մի մասի վրա համաներումը չտարածվելու նախատեսումը», - տարածած հայտարարության մեջ նշում էր փաստաբան Մուշեղ Շուշանյանը։