26/10/2018 16:48
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը դրական եզարակացություն ստացավ։
Հիշեցնենք՝ նախագիծը նախատեսվում է, որ պետք է քննարկվի երկուշաբթի՝ հոկտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստում։ Այսօր հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած նախագծում որոշ փոփոխություններ, այդուհանդերձ կատարվել են։
Դրանք էական փոփոխություններ չեն, այլ միայն շտկումներ։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է Ազգային ժողովում 3-ի փոխարեն 4 քաղաքական ուժի ներկայացվածություն ապահովել, սակայն 4-րդ ուժը կարող է հայտնվել այն դեպքում, եթե հավաքում է ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների 2 տոկոսը: Այս շեմը կարող է նվազեցվել միայն այն դեպքում, եթե 3-րդ ուժն էլ չհաղթահարի 2 տոկոսը և անգամ ստանա 1 տոկոսից էլ ցածր քվե:
Ավելի վաղ տեղեկացրել էինք կատարված մյուս փոփոխությունների մասին, օրինակ՝ ընտրություններն անցկացվելու են փակ համամասնական ցուցակներով և գոյություն ունեցող ռեյտինգային ցուցակները վերանալու են։ Խորհդարան ընտրվելու նվազագույն շեմն առաջարկվում է իջեցնել՝ կուսակցությունների համար ներկայիս 5 տոկոսը դարձնելով 4, իսկ դաշինքների համար 7 տոկոսը՝ 6 տոկոս:
Առաջարկվում է նվազեցնել նաև ընտրագրավը՝ ներկայիս նվազագույն աշխատավարձի 10 հազարապատիկի փոխարեն դարձնելով 4 հազար հինգ հարյուրապատիկ:
Առաջարկվում է նաև կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացում՝ 25 տոկոսի փոխարեն սահմանելով 30 տոկոս:
ԸՕ-ն սահմանադրական օրենք է, որի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 2/3-րդի ձայնը, այսինքն՝ 63 պատգամավոր:
Խորհրդարանում արտահերթ նիստ անցկացնելու ստորագրահավաք նախաձեռնելր էր «Ծառուկյան» խմբակցությունը, որին միացել էին «Ելք»-ի պատգամավորները։