26/10/2018 18:21
ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, հնարավոր է՝ առաջինը հրավիրվեն Քննիչ հանձնաժողով. Կոստանյան
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հանգամանքները պարզելու նպատակով ԱԺ-ում ձևավորված Քննիչ հանձնաժողովը սկսելու է նիստերն անցկացնել ամենօրյա ռեժիմով, այսօր հանձնաժողովի դռնփակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
«Մենք պետք է գործընթացն ինտենսիվ կազմակերպենք, որովհետև դրա արդյունքը բոլորիս է պետք՝ անկախ քաղաքական զարգացումներից կամ հետևանքներից։ Այո՛, հնարավոր է, որ հանձնաժողովը նիստերն անցկացնի ամեն օր, որպեսզի մենք արագ կարողանանք ձեռք բերել այն տվյալները, որոնք մեզ հնարավորություն կտան ճիշտ հետևություն անելու», - ասաց Կոստանյանը։
Մինչև նոր Ազգային ժողովի առաջին նիստը, Քննիչ հանձնաժողովը, նախագահի խոսքով, իր լիազորությունները կիրականացնի։
Ինչ վերաբերում է ԱԺ Քննիչ հանձնաժողովում գաղտնալսման գործի շրջանակներում հրավիրվելիք անձանց շրջանակին, Կոստանյանի խոսքով, այդ անձանց հրավիրելը փոխկապակցված է լինելու նախորդ հրավիրվածի խոսքից։
«Հստակ և սպառիչ ցանկ հրավիրվելիք անձանց դժվար է տալ», - նշեց Կոստանյանը՝ ընդգծելով, որ սկզբում հնարավոր է հրավիրվեն ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը։
Հարցին, թե հնարավո՞ր է ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, այդուհանդերձ, հրաժարվեն ու չներկայանան նիստին, Կոստանյանն ասաց, որ օրենքով է նրանց ներկայությունը հանձնաժողովին։
«Պաշտոնատար անձինք իրավունք չունեն ներկայանալ հանձնաժողովի նիստին, իսկ քաղաքացիները, ովքեր պաշտոնատար անձ չեն, իրավունք ունեն», - նշեց Քննիչ հանձնաժողովի նախագահը։