26/10/2018 09:41
«Հրապարակ». Ինչու չեն կայանում Գևորգ Կոստանյանի նախագահությամբ գործող՝ գաղտնալսումների հետ կապված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանին հավատարմության երդում տալուց հետո նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախագահությամբ գործող՝ գաղտնալսումների հետ կապված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը չեն կայանում, թեպետ ի սկզբանե որոշվել էր ամեն չորեքշաբթի նիստ գումարել։
Ինչո՞ւ՝ Կոստանյանից հետաքրքրվել է մեր լրագրողը, որին ի պատասխան նա վստահեցրել է, որ այլ պատճառներ չեն կարող լինել, քան պատգամավորների զբաղվածությունն ու ծանր գրաֆիկը․ «Ինչպես տեսնում եք, քաղաքական բուռն զարգացումներ են, և ես չեմ ուզում հանձնաժողովի անդամ իմ գործընկերներին կտրել քաղաքական իրենց գործունեությունից, հավանաբար, հաջորդ երկուշաբթի, երբ ԸՕ-ն արտահերթում կքննարկվի, կընդունվի, թե չի ընդունվի, դա հարցի մյուս կողմն է, բայց դրանով պառլամենտի քաղաքական հագեցած գործունեությունը, ըստ էության, կավարտվի, և կանցնենք հանձնաժողովի նիստերին»։
Իսկ գուցե Դուք այլևս չե՞ք ուզում աշխատել այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում և այդ պատճառով եք կասեցրել նիստերը։ «Ես կաշկանդվածություն երբեք չեմ ունեցել և հիմա առավել ևս չունեմ, չեմ ունեցել նաև սրանից 8 ամիս առաջ ու միշտ պրոֆեսիոնալ գործունեություն եմ ծավալում, և գոնե Դուք պիտի հիշեք, թե ՀՀԿ-ի քանի օրենք եմ ջարդել»»: