26/10/2018 09:33
Նոր Հայաստանում «շմայսներ» կան. Արսեն Թորոսյանի ընկերոջ լկտի պահվածքն ապացուցող փաստեր են առկա. «Ժողովուրդ»
Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե նոր Հայաստանում լկտիությունը տեղ չունի, և նոր Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ, իրականությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում:
Խոսքը օրերս ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի քաջագործությունների մասին է: Երկու օր է` լրատվամիջոցները հեղեղված են առողջապահության ոլորտի հայտնի մասնագետների նամակներով, որոնցում նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել են Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում Վանեսյանի պահվածքի վրա:
Հիշեցնենք՝ Վանեսյանը միջոցառման ժամանակ պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, համատեղ լուսանկարման ժամանակ հրել է դասախոսին` խոչընդոտելով լուսանկարմանը, կոպտել է Առողջապահության նախարարության վարչության պետերից մեկին և այլն:
Քանի որ այս ամենը տեղի էր ունեցել Երևանի պետական բժշկական համալսարանի շենքում, «Ժողովուրդ»-ը երեկ բուհից պահանջել է ներկայացնել փաստեր: Համալսարանից ուղարկել են անվտանգության համար տեղադրված տեսախցիկների ֆիքսած կադրերը, որտեղ երևում են Վանեսյանի գործողությունները:
«Իսկ նրա կողմից նման լկտի պահվածք ցուցաբերելը, թերևս, պատահական չէ. Վանեսյանը ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է, ըստ այդմ, վայելում է նրա հովանավորությունը: Ավելին, Վանեսյանը շատ տեղեր ակնարկել է, որ Թորոսյանի՝ նախարար նշանակվելու հարցում ինքն է մեծ դերակատարություն ունեցել: Ու հավանաբար դրա պատճառով էլ հոգեբուժարանի ղեկավարն իրեն արտոնյալ է զգում ամենուր: Փաստենք, որ թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված Կառավարության ներկայացուցիչները կամ նրանց ենթակաները մշտապես քննադատում են «նախորդ հանցավոր ռեժիմին», սակայն իրենց կառավարության ներկայացուցիչների պահվածքը հաճախ չի զիջում նախկիններին: Նոր Հայաստանում, փաստացի, շմայսներ ու լիսկաներ են ծնվում ու, ինչպես կասեր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, պետք է օրորոցում խեղդել այդ երևույթը: Բուհ-ն իր քայլն արդեն արել է՝ արարքը հանրայնացնելով ու գնահատական տալով, հիմա հերթը գործադիր իշխանությանն է», - գրել է թերթը:
Ի դեպ, թերթը վարչապետի մամուլի խոսնակից փորձել է մեկնաբանություններ ստանալ, սակայն Արման Եղոյանն ասել է, որ վարչապետը դեռ չի ծանոթացել բաց նամակին: